ԶԵՎՍԸ ՉԻ ՄԵՌԵԼ

Այս նախագահն ո՞ւր կտանի իր պետությունը

Ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ, անցյալ կյանքում տխրահռչակ Միդաս արքայի անձնական սափրիչն եմ եղել:

Երանելի ժամանակներում էի ապրում, պալատական կյանք էի վայելում: Քմահաճույքներս բոլոր, մինչև դրանք ունենալն իսկ, ի կատար էին ածվում: Գործիս անունն ի՞նչ էր. ամեն շաբաթ առավոտ արքայի մորուքը դզմզի, ունքերը հանի, շաբաթը մի երկու անգամ քթի մազիկները կտրի ու ամիսը մեկ մազերի երկարությունը չափավորի: Իսկ մնացած ժամանակ` կեր, խմի, քեֆ արա: Ես էլ ո՛չ կարդալ գիտեի, ո՛չ էլ գրել:

Սա էր այն անկուշտ թագավորը, որը Դիոնիսոսին խնդրել էր ձեռքի մեկ հպումով ոսկի դարձնելու շնորհք պարգևել: Ստացել էր: Ագահությանն այնքան սահման չկար, որ շուրջն ամեն ինչ ոսկու էր վերածել: Սակայն մի օր աշխարհի ամենահարուստ այս մարդը ծնկեց ու սկսեց զօրուգիշեր Դիոնիսին աղաչել, որ նա ձերբազատի իրեն այդ կարողությունից… «Դո՛դ ա, արա»,- այսպես ոմանք կընդհատեն այս պատումը, բայց չարաչար կսխալվեն: Ո՞վ կհավատա, որ դոդերը նման շնորհքից կամովին հրաժարվեն… Միդասն ահավոր դեպրեսիվ վիճակի մեջ էր ընկել այն բանից հետո, երբ մի օր իր սիրած դստերը փաթաթվելիս՝ խեղճին ուսկու լոմ էր դարձրել մի հպումով: Իսկ երբ տեսավ, որ սովից կարող է մեռնել, քանի որ ուտելիքն էլ էր ոսկու վերածվում, եթե իրեն ծծկերի պես ուտացնող չլիներ ու ինքը սեփական ձեռքերով ստիպված լիներ ուտել, ծնկեց ու Դիոնիսոսին դիմեց: Վերջը Դիոնիսոսը խղճաց ու լուծում տվեց՝ ձեռքերը լվանալ Պակտոլուս գետում:

Ա՜խ, այդ Պակտոլուս գետն ու մերձափնյա մարգագետինը, ո՜նց տունս քանդեցին… Բայց ամեն ինչ հերթով: Միդասի խնդիրները լուծվեցին, և ամեն ինչ նորից տեղն ընկավ: Ամեն ինչ պարզապես հրաշալի էր, քանի դեռ արքաս ևս մեկ անգամ քաքի համն այնպես հանեց, որ այդ դիպվածից հետո նա ինձ համար դարձավ այլևս Միդաս արքաք։

Մի գեղեցիկ օր Միդաս արքան հանձն առավ դատելու Ապոլոն աստծո ու Մարսիաս մահկանացուի միջև կայանալիք երաժշտական մրցույթը: Չգիտեմ` ինչ ճանճ էր կծել արքայիս, երբ համաձայնեց դատել մի մրցույթ, որից խելքը բան չէր կտրում, սակայն այդ պահից ևեթ սկսվեցին իմ ձախորդ օրերը: Մրցույթի վերջում ամենայն վճռականությամբ Միդասը հաղթող ճանաչեց մահկանացու Մարսիասին: Կասեք` արջ էր տրորել Միդասի ականջը, որ թերագնահատեց Ապոլոնի անզուգական նվագը: Հիասքանչ մի նվագ, որ տրորած ականջով փղին անգամ կառինքներ: Պատճառը կողմնակալությունն էր: Բացատրեմ այժմյան հայաստանյան ժարգոնով. Մարսիասն իրականում Դիոնիսոսի թայֆայից էր, իսկ Միդասը Դիոնիսոսի վաղեմի ախպեր-ընգերն էր: Ախպերության խաթրին չկպնելու համար, Միդասը ծանոթի միջոցով հաղթող ճանաչեց անհամեմատ թույլ երաժշտի` ի դեմս իր ախպեր-ընգերոջ ազիզ ախպեր Մարսիասի:

Բայց դե Ապոլոնն էլ պակասը չէր: Այդ պահի՛ն պիտի Ապոլոնին տեսնեիք, որ հիմա չշտապեիք դրան գեղեցկության խորհրդանիշ համարելու: Նրա դժոխային ցասմանը չափ չկար: Եվ հաջորդ ակնթարթում այլայլված Ապոլոնը դաժան մահվան ենթարկեց տաղանդաշատ Մարսիասին, իսկ սարսափած արքային պարզապես էշ անվանեց: Միդասն արդեն հանգիստ շունչ էր քաշում` կարծելով, թե թեթև պրծավ, բայց աստվածն անկանխատեսելի էր: Վճռական քայլերով Ապոլոնը մոտեցավ Միդասին ու վերջինիս գլխին երկու տեղից կտացրեց: Չէր հասցրել վատթարն ակնկալող Միդասը կրկին թեթևացած շունչ քաշել, երբ նկատեց, որ գլխին միանգամից էշի ականջներ աճեցին:

Այդ դեպքից հետո ամբողջ աշխարհում երկար ժամանակ միայն երկու մարդ գիտեր Միդաս արքայի գաղտնիքը` ինքն արքան ու Ձեր հլու ծառան: Ոչ ոք բացի մեզնից չգիտեր, որ պոլոզ փռյուգիական գլխարկի տակ Միդաս արքան իր էշի ականջներն է թաքցնում ժողովրդի աչքից: Միդաս արքան անչափ ամաչում էր իր տձևությունից: «Չլինեմ-չիմանամ` մեկին ասել ես գաղտնիքը. գլուխդ վզիցդ կպոկե՛մ»,- սպառնացել էր ինձ Միդասը շշուկով:

Օրեր անցան, ամիսներ: Բայց կես տարին դեռ չէր լրացել, երբ ես` անզուսպս, չդիմացա ու գլխիս կրակ բերեցի: Պայթում էի արդեն. գաղտնիքը մեջս պահել այլևս չէի կարողանում, մեռնում էի ասելու համար: Դիլեմմայի առաջ էի կանգնել.

1. Եթե խոսեմ կյանքիցս կզրկվեմ:

2. Եթե չխոսեմ կյանքիցս կզրկվեմ:

Միակ տարբերությունն այն էր, որ առաջին դեպքում կյանքից կհեռանայի Միդասի, իսկ երկրորդ դեպքում` սեփական ձեռքով: Երկար տարիների ընթացքում սա առաջին քմահաճույքն էր, որն անկարող էի բավարարել:

Օր ու գիշեր խորհրդածելուց հետո, իմ արևին, խորամանկության դիմեցի: Մի օր արդեն այստեղս էր հասել ու հերթական անգամ արքայի քթանցքի մազերը խուզելուց հետո աղջամուղջին մոտ պալատից դուրս թռա, փախա, վազեցի դեպի դաշտեր: Պակտոլուսի մերձափնյա մարգագետնում հևասպառ փռվեցի խոտերին: Շունչս տեղը բերելուն պես վեր կացա, փոս փորեցի, չորս կողմս նայեցի, որ համոզվեմ մարդ-մուրդ չկա, ու փոսի մեջ շշնջացի. «Միդաս արքան էշի ականջներ ունի»: Հետո փոսը հողով ծածկեցի, որ գաղտնիքն առհավետ թաղեմ, ու հանգիստ սրտով, խաղաղված հոգով վերադարձա պալատ:

Անամպ էր կյանքս ու անհոգ, քանի գարունը չէր բացվել: Գարնանը փորածս փոսի միջից եղեգ բուսնեց, որը հարևան եղեգներին հայտնեց որ Միդաս արքան էշի ականջներ ունի: Այս եղեգներն էլ իրենց հերթին սուլեցին գաղտնիքը անցնող–դարձող բոլոր կենդանի էակներին: Շուտով թռչուններն էլ իմացան լուրն ու հաղորդեցին Մեղամպոս անունով մի մարդու, որը հասկանում էր թռչունների լեզուն: Լուրը Մեղամպոսին ծայրաստիճան զվարճացրել էր, և նա պատմեց եղելության մասին իր բոլոր ընկերներին: Շուտով ամբողջ թագավորությունը գիտեր Միդաս արքայի խղճուկ գաղտնիքը:

Եվ մի օր, երբ Միդասն իր շքեղ կառքով շրջում էր քաղաքի փողոցներում, ժողովուրդը սկսեց գոչել. «Գլխարկդ հանի՛, Միդաս արքա, ականջներդ ցո՛ւյց տուր»…

Թո՜ւուուու:

Նույն օրը Միդաս արքան ձեռիցս մկրատը խլեց ու իմ իսկ մկրատով գլուխս կտրեց բերանբացության համար:

Ո՞ւր էիր նայում, Մեծն Զևե՛ս, երբ էշը մարդուն մատաղ էր անում: Ոչ էլ երդում էի կոտրել, որ պատճառ բռնես: Թե՞ քրիստոնյա աստծո պես ինքդ էլ էիր դատապարտում տիրոջ նկատմամբ դրսևորված որևիցե անհնազանդություն: Ստրկամիտ մարդուկների նմանությամբ ու պատկերովը արարված ստրկամիտ աստվածներ: Տո ձե՛րն էլ, ձեր տիրոջ մե՛րն էլ… Միշտ էլ էշն է մարդու գլխին արքա. այսպես է կարգն աշխարհի:

Ամիսներ անցան մահվանիցս հետո, տարիներ, դարեր, հազարամյակներ, մինչև որ 1979 թվի ամռանը, իսկ ավելի ճշգրիտ` հունիսի 30-ին, վերածնվելու հերթն ինձ հասավ: Ինչքա՜ն տխրեցի։ Այդ լուրը ես ընդունեցի նույն տրամադրությամբ, ինչ խաղաղասեր գլադիատորը թատերաբեմ մենամարտի դուրս գալուց առաջ: Դեռ ավելին հիշաչար Զևսը մտքից չէր հանել ողբերգական վախճանիս համար պատճառ դարձած իմ արատը` բերանբացությունը կամ, ինչպես ինքն էր որակում, բոզբերանությունը: 1978 թվի աշունն էր: Բեղմնավորմանս մի քանի ժամ էր մնացել, երբ Զևսը լրջորեն մտահոգվեց իմ ապագա ճակատագրի բնույթով: Պետք էր որոշել, թե այս նոր կյանքում ինչ պիտի ինձ վիճակվի: Մի բան միայն պարզ էր, որ խոսող կենդանի պիտի լինեմ, որովհետև այնուհետ խոսքը պիտի լիներ իմ պատժի զենքը: Իսկ քանի որ մահվանիցս հետո աշխարհն անճանաչելիորեն փոխվել էր, արմունկը հենած ծնկին, դունչը` դաստակին, հետույքը Օլիմպոսի գագաթին` աստվածը խորհրդածում էր հիմնականում երեք հարցի շուրջ. 1. Որտեղ ծնվեմ, 2. Ինչ լեզվով խոսեմ, 3. Ինչ դառնամ:

Նախ մտահոգման առիթ էր այն փաստը, որ 1979 թվականին արդեն ավելի քան 1979 տարի էր, ինչ Փռյուգիան վերացել էր աշխարհի երեսից: Ո՛չ Փռյուգիա էր մնացել, ո՛չ փռյուգացի, իսկ փռյուգերենը վաղուց արդեն մեռած լեզու էր: Այնտեղ, որտեղ ժամանակին լեգենդար Փռյուգիան էր ծաղկում, այժմ Թուրքիայի սիրտն է բաբախում: Այստեղ, որտեղ արնագույն կտորի վրա յաթաղանի փայլուն շեղբն է հիմա փռփռում, մի ժամանակ փռյուգիական գլխարկներն էին ծածանվում մարդկանց գլխներին որպես պետական դրոշ: Փռյուգիական գլխարկը, որը պատմության մեջ մնաց որպես ազատության խորհրդանիշ, ոգեշնչեց լիբեռտե, էգալիտե և ֆռատեռնիտե քարոզող ֆրանսիացի հեղափոխականներին, քիթը խոթեց տարբեր երկրների պետական զինանշանների մեջ, տաքացրեց յոթ թզուկների գլուխներն ու էստաֆետի պես փոխանցվեց Պիկասոյի ու Դալիի գլուխներին, այժմ անգամ հնավաճառի խանութներում հազիվ թե ճարես:

Զուտ աշխարհագրական նկատառումներով ինձ թուրք ծնելն իմ հանդեպ անտեղի գթասրտության դրսևորում կլիներ` ըստ Զևսի: Նրա համար սուրբ պարտք էր գոնե մասամբ հարազատ մնալ սիզիփոսյան չարչարանքների հիմնական սկզբունքին` միօրինակությանը: Իսկ թուրքերը, որոնք իրենց ինչպես իրենց տանն են զգում փռյուգական բնակավայրերում փռյուգացիների հետ ո՛չ էթնիկական, ո՛չ մշակութային, ո՛չ կրոնական, ո՛չ էլ լեզվական ընդհանրություն չունեն: Այնպես որ աշխարհագրական համընկնումը պարզապես ինքնության խաբկանք է: Հետևաբար` թուրք ծնվելու երանելի զանազանությունն ինձ վիճակված չէր:

Զևսը որոշեց, որ ես հայ պիտի ծնվեմ։ Նա հաշվի առավ այն հանգամանքը, որ փռյուգացիներին ժամանակակից և հարևան բազմաթիվ ազգերից միայն երկու–երեքն են պահպանվել։ Դեռ ավելին հայոց ազգի էթնիկական կազմավորման մեջ այդ վերապրած ժողովուրդներից ամենաէական ներդրումը փռյուգացիներն են ունեցել: Միապաղաղության ապահովման համար փայլուն գործոն էր նաև այն, որ աշխարհի հազարավոր լեզուների մեջ փռյուգերենի հետ ամենասերտ ազգակցական կապեր ունեցող լեզուն հայերենն է: Սրանք, թեկուզ, անհրաժեշտ, սակայն ոչ լիարժեք պայմաններ էին ինձ նախատեսված պատժամիջոցի սիզիփոսյան սկզբունքը ապահովելու համար: Կար նաև ՍՈՒՊԵՐԳՈՐԾՈՆ` Միդասի գործոնը: Այսինքն, սիրելի ընթերցող, այս նոր կյանքում ևս վզիս պիտի փաթաթվեր ավանակ ղեկավար:

Եվ եղաւ, որ ծնվեցի այնպիսի մի ժամանակ, որ իմ հասունության տարիները համընկնեն մեկ էլ չէ, երեք իշականջ նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջանի հետ: Ներեցեք, վերապրածս երկու ՀՀ նախագահներ, որ ինձ` մեղսավորիս հետ իր հին հաշիվները մաքրելու նպատակով Զևսն անպիտան` ձեր հենց իշությունը հաշվի առնելով ձեզ նստեցրեց գահին: Թագադրեց ու խնայեց, որ ես կրկին չկարողանամ ինձ զսպել, չդիմանամ, պայթեմ ու կրկին բերանս բացեմ ու գոռամ. «Նախագահը էշի ականջներ ունի»… պատմությունը կրկնվում է։

Եվ, իհարկե, ներում եմ հայցում նաև իմ` նախկին փռյուգացի սափրիչիս ժամանակակից համաքաղաքացիներից` հայ ժողովրդից, որն, ինչպես անիծյալ թևավոր խոսքն է պնդում, արժանի է իր ղեկավարությանը:

Առաջին նախագահն ինձ փորձեց սովամահ անել կամ կուրացնել։ Շատերին բաժին հասավ այդ դժբախտությունը նրա իշխանության օրոք, բայց ես հրաշքով պլստացի։ Սակայն շատ ավելի լուրջ վերաբերվեցի Զևսի մտահղացմանը երկրորդ արքայի օրոք, երբ մի քանի տարի առաջ սեպտեմբերին լրատվական գործակալության գրասենյակում համակարգչիս էկրանին հայտնվեց օրվա հրատապ լուրը։ Թարգմանում էի ի լուր համայն աշխարհի, որ մեր գրասենյակի հարևանությամբ գտնվող «Պապլավոկ» սրճարանի զուգարանում 53–ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Այդ երեկոյան նա սրճարանում գտնվող ՀՀ երկրորդ նախագահի հասցեին ինչ–որ ռեպլիկ էր բաց թողել, ինչից հետո նախագահի հրամանով նրա թիկնապահները քաշել էին «բացբերան» տղամարդուն զուգարան ու ծեծելով սպանել։ Իսկ հաջորդ օրը պարզեցի, որ զոհը՝ Պողոս Պողոսյանը, իմ հեռու ազգականն է։ Այսինքն պատիժը մի երկու–երեք պորտ փուստ էր գնացել… Թերևս աստվածներն էլ են պլստացնում, այն էլ երկու անգամ իրար հետևից։ Բայց, ինչպես ռուսներն են ասում, աստված երրորդություն է սիրում… (Համենայնդեպս, շատ մի ոգևորվի երրորդ ինքնակոչ, Զևսն ամեն անգամ գաթա չի ուտի)

Դե ինչ, ինքներդ եք տեսնում, որ այս նոր կյանքումս էլ է ինձնից անպակաս հաղորդակցվելու վաղեմի մոլուցքս, սակայն վերին աստիճանի ուռճացված: Հիմա կարմա կկոչեք, թե ջառմա, դարման թե զահրումար, այս կյանքում ես գրող եմ ծնվել:


Add to FacebookAdd to DiggAdd to Del.icio.usAdd to StumbleuponAdd to RedditAdd to BlinklistAdd to TwitterAdd to TechnoratiAdd to Yahoo BuzzAdd to Newsvine

Tagged , , , , , , , , . Bookmark the permalink.