Վերջերս ծանոթներիցս մեկն իր ամերիկյան համալսարանում տնային առաջադրանք էր ստացել վերլուծել աշխարհի որևէ երկրի բնակչության աճի ցուցանիշներին վերաբերող տվյալները 2012. 2025 և 2050 թթ. դրությամբ: Խնդրի առարկա տվյալները պետք է հայթայթել ԱՄՆ մարդահամարին նվիրված կայքում` census.gov: Ինձ իսկույն հետաքրքրեց Հայաստանի ապագա պատկերի կանխատեսումը` ըստ Ամերիկյան տվյալների: Ստորև ներկայացնում եմ առանձին տվյալների չոր վերլուծություն:
- Բնակչության աճի ցուցանիշը Հայաստանում 1995-ից 2012 թթ. ժամանակահատվածում մեծացել է միայն կես տոկոսով (1995 թ. -0.4%-ից 2012 թ. 0.1%):
- Ակնկալվում է, որ 2012-ի աճի ցուցանիշը կմնա անփոփոխ 2025 թ. դրությամբ: Այնուամենայնիվ, սպասվում է նաև, որ ժամանակավոր 0.2% աճ կգրանցվի 2015 թ.: Հայաստանը բնակչության աճ է ապահովել 1995-ի և 2012-ի ընթացքում, սակայն 2012-2025 թթ.` գրեթե նույն ժամանակամիջոցում, չի սպասվում և ոչ մի աճ:
- Ծնելիության աճի ցուցանիշը Հայաստանում 2012 թ. դրությամբ կազմում է 1.4 (ծնունդ մեկ տարում): Այս ցուցանիշը 1995 թ. 2.0 էր: Ակնկալվում է, որ չնչին աճ կարող է գրանցվել 2025 թ.: Ծնելիության անկման հիմնական պատճառներից մեկը Հայաստանում աղքատության բարձր մակարդակն է:
- Գաղթողների ընդհանուր թիվը` –10.000, ցույց է տալիս, որ անհամեմատ ավելի շատ մարդ լքում է Հայաստանը, քան ներգաղթում: Ակնկալվում է, որ գաղթի ընդհանուր ցուցանիշը 2025 թ. դրությամբ կդառնա 0:
- 2012, 2025 և 2050 թթ. բնակչության տարիքային բուրգերը ակնհայտորեն վկայում են, որ 1988-1992 թթ. ժամանակահատվածում գրանցված աճի ցուցանիշը չի գերազանցվի անգամ 2050 թ. դրությամբ: Ավելին` տարիքային բուրգի ուրվագծերը վկայում են, որ բնակչությունը գնալով նվազելու է:
- Ըստ Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների` երկրի բնակչության աճը 2025 թ. կլինի նույնը, ինչ 2012 թ.` 0.1: Միևնույն ժամանակ այլ ցուցանիշների չնչին աճ է ակնկալվում: Տարեկան 0.1 ծննդի աննշան աճ է սպասվում 2025 թ. դրությամբ: Գաղթի ցուցանիշը ևս աննշան անկում է ապրելու –3-ից (2012) -2 (2025):
- 2050 թ. ժողովրդագրական բուրգը միանգամայն մռայլ ժողովրդագրական ապագա է գուժում Հայաստանին: Նախ և առաջ նվազելու է բնակչության թիվը: Երկրորդը, Հայաստանին բնակչության զգալի ծերացում է սպառնում: Երբ 19988-1992 թթ. բնակչության բարձր (ենթադրաբար անգերազանցելի) ծնելիության արդյունքում աշխարհ եկած քաղաքացիներն անցնեն թոշակի, երկիրը կարող է թևակոխել տնտեսական ճգնաժամ, քանի որ ծերերի թիվը զգալիորեն կգերազանցի երեխաների և հասուն ժողովրդի թիվը:
Այսպիսով, Հայաստանը 2050 թ. վերածվելու է թոռազուրկ տարեցների ծերանոցի, իսկ բնակչության հասուն հատվածի հիմնական զբաղմունքը կլինի սնկի պես աճած ծերանոցների սպասարկումը: Այս տխուր հեռանկարը կանխելու հույսի նշույլն այն է, որ այս տվյալներն իրականություն կարող են դառնալ միայն այն պարագայում, եթե հայ ժողովուրդը «հավատա, որ կփոխեն», այսինքն` եթե Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգը ոչ մի էական փոփոխություն չապրի մինչև 2050 թիվը: Այն է` ՀՀԿ-ն իր կոալիցիոն պզուկներով (ԲՀԿ և ՕԵԿ) ու քաղաքական դիակներով հանդերձ մնա խորհրդարանական մեծամասնություն (չնայած նրան որ 2050 թ. դրությամբ նրանցից շատերը կդառնան դիակ ֆիզիկապես), իսկ նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանի մահից հետո զբաղեցնի վերջինիս կլոնը: