Թաղի տղերքով կռիվ-կռիվ խաղալու մեր բոլոր փորձերը Խորհրդային Հայաստանի 80-ականներին դատապարտված էին ձախողման: Մեր դեռահաս ուղեղներում կռիվ-կռիվը Հայրենական պատերազմն էր, որը խաղալու համար պիտի բաժանվեինք երկու թիմի, իսկ թիմերից մեկը պիտի ֆաշիստ խաղար: Սակայն բոլորը մի մարդու պես հրաժարվում էին:
Մի անգամ հենց բանը հասավ երկու հակառակորդ թիմ կազմելուն, մեր երեխայական կռիվ-կռիվը խաղից վերածվեց իրականության: Իրար անպտուղ համոզելուց, լեզվակռվից անցանք դաժան դնգստոցի: Սակայն այդպես էլ ոչ ոք չհամաձայնվեց մարմնավորել այդ ֆաշիստ կոչեցյալին:
Նրանք բոլորը ներքուստ տենչում էին գոնե խաղի պատրվակով լուծել Երկրորդ համաշխարհայինից վերադարձած իրենց կիսատ պապիկների վրեժը. մեկն` առանց ոտք, մյուսն` առանց ձեռք, մեկը` միականջ, մյուսը` միաչ, մեկ այլը` խելագարված:
Ինձ ևս անհնար էր համոզել գերմանացի ֆաշիստի դեր ստանձնել. մի պապիկս ոտքն էր կորցրել, իսկ մյուսի ձեռքն այնպես էր խեղվել, որ մատները նմանվել էին ռոք համերգի ժամանակ տժժացող երիտասարդ հանդիսատեսների մատնային հայտնի պատկերին, որը Սատանայի կամ ցլի պոզեր է հիշեցնում:
Ո՞ւր էիք, այսօրվա ֆաշիստներ, մեր օրերում, երբ փորձում էինք կռիվ-կռիվ խաղալ ու իրար էինք ծեծում ջղայնությունից, որ ոչ մեկ չի ցանկանում ֆաշիստի դեր խաղալ, էլ ուր մնաց լինել:
Ինչ-որ հրաշքով, ասենք` ժամանակի մեքենայով, հայտնվեիք ու մի լավ, սրտանց կռիվ-կռիվ խաղայինք, հը՞, տղերք: Բայց լավ կլինի` Հիսուսին, Մուհամեդին, Սատանային, Արամազդին կամ ում որ է շնորհակալություն հայտնեիք, որ մեր պատանեկության օրերին չընկաք մեր ձեռքը:
Մեր բանակը ձեզ չէր դիմավորի խաղալիք թրերով ու հրացաններով: Ձեզ մենք իսկականներով էլ չէինք դիմավորի: Մենք մինչև ատամները զինված կլինեինք Ֆաշիստական ագրեսիայի դեմ պայքարում մեր խեղված պապիկների բացակա մարմնամասերով:
Իմ ձեռքերում դուք կտեսնեիք մահամերձ պապուցս աղաչանք-պաղատանքով մի քանի ժամով վերցրած իր աջ ոտքի պրոթեզը: Կտեսնեիք, թե ինչպես են Աղասու պուճուր թմբլիկ մատները տեղ-տեղ ճերմակում իր պապի ծանր կաստիլներից մեկն ամուր բռնելուց: Կտեսնեիք Արթուրի` երկու ոտքերից զրկված պապի անվասայլակում անհանգիստ նստած Բաբկենին` օդում իր պապի դագանակը թափահարելիս: Կտեսնեիք նաև բազմաթիվ այլ պատանիների` մեր կողքին կանգնած, սակայն մեզ նախանձող, ովքեր իրենց պապիկներից ժառանգել էին միայն սև թուղթ:
Ու մեկը նրանցից չէր դիմանա ու անցումային տարիքի իր անճոռնի ձայնով կգոռար. «Убей фашиста, изувера!»
Ու եթե մենք անսայինք այդ տաքգլուխ կոչին, մենք իսկույն կվերացնեինք այդ գլամուրային ֆաշիստներին ու սեփական աննշանության բարդույթից իրենց արիացի կարգած նացիստներին:
Ու իսկույն կզբաղեցնեինք նրանց թափուր տեղը: Դրա համար էլ, իրոք, լավ է, որ ինչ-որ հրաշքով դուք, մեծ ու փոքր ամպագոռգոռ ֆաշիստներ ու արիացիներ, չընկաք մեր պուճուրիկ աղվամազապատ, սակայն ամեհի ձեռքը, որովհետև այն ժամանակ դժվար թե ունենայինք այն իմաստնությունը, որ պետք է սպանել ոչ թե ձեզ ֆաշիզմի մեջ, այլ ֆաշիզմը ձեր մեջ: