Ֆիլմից հետո թեկուզ ջրհեղեղ

Հայաստանի ազգային պատկերասրահ (© Եվգենի Գենկին)

Հայաստանի ազգային պատկերասրահ (© Եվգենի Գենկին)

Մինչ աղքատանում է ՀՀ բնակչությունը, վերջինիցս հետ չի մնում նաև Հայաստանի ազգային պատկերասրահը: Տևական ժամանակ է, ինչ թանգարանի պահոցից անհետանում են արվեստի արժեքավոր նմուշներ: Իսկ այդ անկանգ հանցանքին արձագանքում է ոչ թե դատախազությունը, այլ «Հետք»-ը տարիներ շարունակ:

Ազգային պատկերասրահի վերաբերյալ «Հետք»-ի վերջին հոդվածում` «Անհետացած քանդակներ, ոչնչացած նկարներ՝ Ազգային պատկերասրահում. քրեական գործեր չեն հարուցվում», ուշադրությունս գրավեց հետաքրքիր մի մանրամասն.

Այժմ պատմենք պատկերասրահում կատարված մեկ իրադարձության մասին, որը կրկին քրեաիրավական գնահատական չի ստացել: 2009-ի մայիսին ջրով են լցվել պատկերասրահի հոլանդական եւ մասամբ ֆրանսիական սրահները: Այս երկու սրահներում փչացել է հինգ նկար եւ 18-րդ դարի հոլանդական մեկ պահարան (ինվենտար համարը՝ 1241/16504):

Հոլանդական սրահի նկարները 16-17-րդ դարերի հեղինակների գործեր են, մասնագետները դրանց արժեքը գնահատում են մի քանի միլիոն դոլար: Պատկերասրահում «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ ամենաշատը վնասվել են ֆլամանդացի նկարիչ Տենիրս Դավիթ Կրտսերի /1610-1690/ երկու գեղանկարներից մեկը, իտալացի նկարիչներ Բասսանո Լեանդրոյի /1557-1622/ և Բասսանո Յակոպոյի /1510-1592/ գործերը:

Էդիկ Բաղդասարյանից հետաքրքրվեցի, թե որ ֆիլմի մասին է խոսքը: Պարզվեց, որ պատկերասրահի աշխատակիցները «Հետք»-ին  այդ տեղեկությունը ինչ-ինչ պատճառներով չեն հայտնել:

2004-2011 թթ. Հայաստանում և, մասնավորապես, Երևանում նկարահանվել է Բրեյդըն Քինգի «Այստեղ» (Here) ֆիլմը, որը վերջերս էի դիտել Լոս Անջելեսի դատարկ կինոթատրոններից մեկում: Այս (ի դեպ միանգամայն միջակ) ֆիլմում կա մի դրվագ, որտեղ գլխավոր հերոսը հայտարարում է, թե գնում է Արտաքին գործերի նախարարություն հատուկ ընդունելության: Սակայն դատելով նկարահանված սրահի տեսքից և պատերին կախված նկարներից` նկարահանումներն իրականում տեղի են ունեցել ազգային պատկերասրահում: Այս պահին հասանելի է միայն ֆիլմի թրեյլերը (DVD-ն հասանելի կլինի 2012 թ. հուլիսին), որտեղ վեց վայրկյան` 0:32-38, հատկացվել է նաև «ԱԳՆ ընդունելության» տեսարանին.

Բուն ֆիլմում հերոսները տվյալ տեսարանի վերջում դուրս են գալիս այդ լուսավորված մարդաշատ սրահից ու հայտնվում մեկ այլ չլուսավորված սրահում, որտեղ պատերին անտարորոշ նկարներ են կախված, որոնք, այնուամենայնիվ, հիշեցնում են ազգային պատկերասրահը: «Հետք»-ի լրագրողները հաստատեցին իմ այս ենթադրությունը` թրեյլերը ցույց տալով պատկերասրահի որոշ աշխատողների, ովքեր էլ իսկույն ճանաչեցին իրենց հարազատ աշխատավայրը:

Սա, իհարկե, դեռ չի նշանակում, որ հենց «Այստեղ» ֆիլմի նկարահանման հետևանքով է տուժել պատկերասրահի գույքը. կարող է և այլ ֆիլմերի նկարահանումներ են անցկացվել այդտեղ 2009 թ.: Սակայն որքան քիչ անհայտ, այնքան հավասարման լուծումը` հեշտ: Ես ինքս էլ դեռ լավ չեմ պատկերացնում, թե կոնկրետ ինչպես կարող էին տուժել վերոնշյալ արվեստի գործերը ջրից: Դե ինչ, ինձ մնում է զինվել համբերությամբ և հաջողություն մաղթել հետաքննող լրագրողներին:

 

About Կարեն Ղարսլյան

Կարեն Ղասլյան — գրող, գրականագետ, երաժիշտ, նկարիչ, բլոգեր: «X կադր/վայրկյան» (2003) և «Գրողի ծոցը» (2010) գրքերի հեղինակ: Վերջինս վաճառվում է երևանյան «Արթբրիջ», «Նոյան Տապան», «The Club», «Բուրժուա» և գլենդելյան «Abril» գրախանութներում: Կայքը` www.karenkarslyan.com Առավել մանրամասն տեղեկությունների համար, այցելեք www.karenkarslyan.com
Bookmark the permalink.