Այն պահից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ ՀՀ Ռազմական ոստիկանությունը Հովհանես Իշխանյանի նկատմամբ քրեական գործ է պատրաստվում հարուցել «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուում իրականությունը խեղաթյուրելու մեղադրանքով և խստիվ արգելել է գրախանութներին այն վաճառել, հայկական գրաշուկան խուճապի մեջ է ընկել:
Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՌՈ հրահանգից սարսափած գրախանութպանները իրենց գրադարակներից փութով թաքցնում են Թումանյանի հեքիաթների ժողովածուներն ու իրականությունը անխնա խեղաթյուրող այլ գրքեր:
Իրականությունը առանձնապես խոշոր չափերով խեղաթյուրելու համար ՀՀ Ռազմական ոստիկանությունը, փոխառելով Այաթոլլա Խոմեյնիի հարուստ փորձը, ֆաթվա է կայացրել «Հարի Փոթեր»-ի հեղինակ Ջ.Ք. Րոուլինգի գործով՝ հեռակա կարգով դատապարտելով նրան մահվան:
Որոշ գրախանութներ, որոնք հետապնդման վախից ի սպառ ձերբազատվել են բոլոր գեղարվեստական գրականություն հորջորջվող գրքերից, իսկույն վերաձևակերպվել են որպես դասագրախանութ՝ վաճառքի դնելով միմիայն ՀՀ Մշակույթի նախարարության կողմից արտոնված անշառ դասագրքեր: