ԹԱՏԵՐԱԴԱՇՏՆ ՈՒ ՌԱԶՄԱԲԵՄԸ

Հագնե՞լ, թե՞, չհագնել

Հագնե՞լ, թե՞, չհագնել

Մի քանի օր շարունակ ծնողներս ու ազգականներս հրճվում էին 5 մորաքույրներիցս ամենափոքրի դստեր հաջողության կապակցությամբ: Կատարվել է նրա երազանքը. նա ընդունվել է Թատերական համալսարանի դերասանական բաժինը: Ասում են` նա շատ բարձր բալեր է հավաքել: Մամաս հպարտ-հպարտ պատմում էր, թե ինչպիսի հիացական խոսքեր էին ասել երկրորդ անգամից ընդունվել փորձող մեր ազգականի հասցեին համալսարանի ռեկտորն ու հանձնաժողովի մնացած անդամները: Ամբողջ շաբաթվա ընթացքում տեղացած շնորհավորանքների տարափից արբեցած կուզենիս հետ ինձ հաջողվեց հեռախոսել այսօր առավոտյան: Ստանդարտ շնորհավորանքի եւ շնորհակալության փոխանակություն էր սպասելիքս, սակայն ստանալիքս գերազանցեց ոչ միայն ակնկալիքս, այլեւ ՀՀ կրթական ոլորտի յուրահատկությունների մասին հնացած գիտելիքս:

Վերոնշյալ ստանդարտ շ-երի փոխանակումից հետո, խոսելու նյութ էի փնտրում մի ազգականի հետ, ում 5 տարուց ավել ոչ տեսել էի, ոչ էլ հետը որեւէ կերպ շփվել: Միայն լսել էի, որ գրեթե ամբողջ ժամանակ ընթերցանությամբ է զբաղված: Հարցրեցի, թե քանի բալ է հավաքել մասնագիտականից:

– 12:
– Փաստորեն Թատերականում ուրիշ բալային համակարգ ա գործո՞ւմ:
– Չէ, ինչի՞: Նույնն ա` ամենաբարձրը 20 բալն ա:
– Բա… բա… մամաս ասում էր…
– 12-ը բարձր բալ են համարում, եթե փող չես տվել:
– …

Գլխի ընկնելով, որ գլխումս ոչինչ չի տեղավորվում` ներառյալ նրա հանդարտ ու համակերպված խոսվածքը` կուզենս ինձ մի քանի խոսքով ներկայացրեց իրականությունը: Պարզվեց, որ փայլուն պատասխանած դիմորդի պարգեւը համալսարանում վճարովի ուսանելն է, քանի որ անվճար տեղերը պատկանում են գլխանց վճարածներին, որոնք «տաղանդ» բառի ժամանակակից նշանակությունը գիտակցաբար շփոթում են դրա հնագույն նշանակության հետ` դրամական միավոր, եւ մատուցում որպես արվեստի համալսարանում ուսանելու թիվ մեկ գրավական:

– Իսկ համոզվա՞ծ ես, որ տենց բան կա:
– Հեհե )), իրանք իրանց բերանով են ասում` կաշառատուները:

Ինձ զարմացնում էր, որ այդ ողջ տեղեկության հասանելիությունն ու ապացուցելիությունը դեռ բավարար չեն էդ ամենը բացահայտելու համար: Պարադոքս է ստացվում: Ինչպե՞ս մերկացնել մերկությունը: Վերջապես հարցրեցի նրա մոտ վրդովվածության զարմանալի բացակայության մասին: Հարցրեցի, թե չի՞ ասում նրանց երեսին, որ իրենց պատճառով ինքը հիմա պիտի տարին 1000 դոլար վճարի, մինչդեռ վճարունակը հենց իրենք են: Գալու են դասերի, որ միայն խոչընդոտեն ուսման պրոցեսը, կամ էլ պարզապես չեն հաճախելու առհասարակ: Սովորելու համար ընդունվածները պարտաճանաչ կհաճախեն դասերին ու ուսման վարձ կաշվից դուրս գալով կվճարեն, որպեսզի համալսարանը կարողանա դասերն առհասարակ արհամարհող ու մատը մատին չխփող ուսանողներին ապահովել կրթաթոշակով: Ես միանգամից հիշեցի իմ տխուր դիմորդական փորձառությունը Բրյուսովի համատեքստում: Ինձ նմանատիպ պայմաններում բաժին հասավ վճարովի ուսուցումը, միայն թե հենց այդ տարում Բրյուսովի վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ ենթարկվեցին քրեական պատասխանատվության, ինչը չեմ հիշում ինչպես ավարտվեց, սակայն արդյունքում փոխվեց ղեկավար կազմը: Լուրեր էին պտտվում, որ այդ տարին` 1996-ը, բրյուսովյան կաշառակերության գագաթնակետն էր:

– Հա, լավ, իսկ ովքե՞ր են դրանք:

Հետեւած պատասխանն ինձ մտածելու տեղիք տվեց: Մտքիցս թռել էր` ծառայությունից խուսափող երիտասարդների բանակը: Միեւնույն ժամանակ միանգամից մտքովս անցան անցած շաբաթվա մահացու ելքով սարսափելի բանակային պատահարները: Մտաբերեցի նաեւ դրանց նախորդած ոչ պակաս զարհուրելի բանակային մահերը, որոնք նույնքան հուժկու հասարակական բողոքի ալիք չբարձրացրին թերեւս միայն այն պատճառով, որ տեղի էին ունեցել մինչֆեյսբուքյան դարաշրջանում: Ստեղծված իրավիճակում, երբ ծառայության համար տարրական անվտանգության երաշխիքները գրեթե բացակայում են, երեւի թե կոմպրոմիսային ելքը կլիներ այն, որ բանակից կաշառքով ազատվածներն իրենց կրթաթոշակներն ամեն ամիս հոժարակամ հանձնեին իրենց անվտանգության երաշխիքի զոհերին` իրենց հասարակ համակուրսեցիներին, որոնց հասարակ երազանքն իրենց վրա շատ թանկ է նստում: Համենայնդեպս այս աղջկա համար, ում հազիվ ծայրը ծայրին հասցնող միայնակ մայր է մեծացրել եւ ում համար համակարգչի անհասանելիության միակ դրական կողմը իր ողջ ժամանակի 90% ընթերցանությամբ զբաղվելն է:

– Ի՞նչ ես կարդում հիմա:
– Ֆոյխթվանգերի «Գոյա»-ն ու Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ը: Հերթը Չեխովինն ա:
– Չեխովը ինչերե՞ն ես կարդալու:
– Ռուսերեն:
– Ռուսերե՞ն: Փաստորեն…

Բայց սա արդեն լրիվ ուրիշ թեմա է: Նա համոզված է, որ ուսման վարձը ստիպված կլինի վճարել միայն առաջին տարին, քանի որ ամեն ինչ անելու է գերազանցիկ լինելու համար, ինչի շնորհիվ էլ իրեն կփոխադրեն անվճար բաժին: Ես նախընտրեցի չկիսվել նրա հետ գերազանցիկության միջոցով վարձից խուսափելու իմ ձախողված փորձերով, որ կրթաթոշակ ստանալու բերկրանքը զգացի միայն ասպիրանտուրա ընդունվելուց հետո և որ այդ բերկրանքը շատ շուտով բկիս կանգնեց, երբ պարզվեց, որ Սլավոնականում սովորող ուսանողներս իրենց ասպիրանտ դասախոսինից երեք անգամ բարձր թոշակ են ստանում:

– Փաստորեն մինչեւ վերջերս երազում էիր դառնալ դերասան, իսկ հիմա` գերազանցիկ:

Ծիծաղում է:

Bookmark the permalink.