ՕԼԻԳԱՌԼԱԽ

կամ` ՕԼԻԳԱՐԽԵՐԵՆԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

Մեկ ազգ, մեկ սանրվածք

Մեկ ազգ, մեկ սանրվածք

Օլիգարխ – (գ.) «Բոլոր մարդիկ հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» արտահայտության  միջի ոմանքն է:

Օլիգառլախ – (գ.) 1. Առավել գործածական է այս բառի ավելի կարճ տարբերակը` օլիգարխ: 2. Ոչ միայն բացարձակ տնտեսական անձեռնմխելիություն ունեցող անձնավորություն, այլև տարածք կամ օբյեկտ: Բառի բաղադրիչ հանդիսացող «գառլախ» եզրույթը թուրքերենից է եկել և նշանակում է` կեղտոտ, անարգված, փչացած: Ըստ Հովհաննես Իշխանյանի բանակերենի արմատական բառարանի` գառլախ տարածքն այն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Այդ տեղերին դիպչողն անարգվում է: Սակայն տնտեսական ոլորտում այն ստացել է փոքր-ինչ այլ նշանակություն: Ինչպես հայկական բանակում գորամասեր կան, ուր գառլախ տարածքները ժապավենով շրջափակում են ու մի հատ էլ ցուցանակ դնում, այդպես հարկայինն է տարանջատում օլիգառլախներին ու նրանց պատկանող օբյեկտները: Օլիգառլախներին պատկանող արտոնյալ տնտեսական տարածքներին դիպչողը դաժանորեն անարգվում է օլիգարխի կամ նրա թիկնապահների կողմից:

Օլիգախտ – (գ.) Վարակիչ հիվանդություն է, որը հատկապես մեծ տարածում ունի պատանիների շրջանում:

Դիցագարխություն – (գ.) Հայկական նորագույն դիցաբանությունն է: հայկական նորագույն դիցագարխության գերագույն աստվածն է օլիգառլախ գագիկ ծառուկյանը կամ օլիգագո (պատահական չէ, որ նա հհ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է): այլ աստվածներից են ալյուրի աստված լյովը, բենզինի աստված միկան, լիֆերի ու սուպերմարկետների աստված սամոն, ֆուտբոլի աստված ռուբոն, փայտի աստված` փայտյանը, բանանայուղի աստծվածության տիտղոսն իրար հետ կիսող միհրանն ու գրիշան և այլն:

Օլիգազան – (գ.) դիցագարխության մեջ միթական առյուծանման կենդանի, որին հաղթել կարող է միայն էշը:

Օլիգար – (գ.) Ժամանակին չբուժված օլիգախտի հետևանք: օլիգարները սովորաբար դառնում են դիցագարխություն դավանող էակ` օլիգարխի վկա:

Օլիգարություն (գ.) Խելագարության տեսակ է, երբ սովորական մահկանացուն` օլիգարը, պաշտում է որևէ օլիգառլախի` իբրև աստծո: Օլիգարությունը հաճախ է դրսևորվում persons.am-ում Գագիկ Ծառուկյանի էջի մեկնաբանությունների տեսքով: Տիպիկ օրինակ. «Ov inch uzuma asi meka es hav****** em, hamozvac em,vor Paron Carukyan@ shat-shat- shat lav marda,yes shat kuzei,vor inq@ im papan liner,vorovhetev inq@ papayaaaaaaaa!!!Yes kcankanai nran namak grel:xndrum em tveq indz nra hascen…Yes sirum em HAyastani amenalav u amenabari mardun`GAgoyin……» (Չնայած մեկնաբանության մեջ առկա բոլոր հիմնավորումներին, կարծիքի հեղինակը, այնուամենայնիվ հավ չէ: Նա հավ դարձել է տվյալ օլիգառլախի պահապան հրեշտակների պատճառով, որոնք իրենց գերագույն աստծուն վատ բառերից պաշտպանելու նպատակով արգելել են «ատել» բառը, ինչի հետևանքով «հավատում եմ»-ը դարձել է «հավ****** եմ»):

Կաթօլիգոս – (գ.) Ամենայն հայոց օլիգառլախների պահապան հրեշտակն ու գործընկերն է: Ունի սովորականից երկար մականուն` ամենայն հայոց կաթողիկոս:

Օլիգրանտ – (գ.) Օլիգարխի կողմից որևիցե նախաձեռնության հովանավորում: Այդ հովանավորության սահմաններում տրամադրվող/օգտագործվող գումարը:

Օլիգրանտակեր – (գ.) Օլիգարխի կողմից որևիցե նախաձեռնության հովանավորում հայցած և ստացած անձնավորություն: Այդ հովանավորության սահմաններում տրամադրվող/օգտագործվող գումարները ծախսած անձնավորություն:

Օլիգաղթ – (գ.) Արտագաղթի տեսակ: Տնտեսության մեջ օլգարխական մենաշնորհների պատճառով իրենց փոքր և միջին բիզնեսները փակող և այլ երկրում այն վերաբացելու նպատակով իրենց հայրենիքից հեռացող քաղաքացիների արտագաղթը:

Օլիգախկո – (գ.) Օլիգարխների կղկղանքն է, որը, ըստ Եվրոպայում անցկացված անկախ լաբորատոր հետազոտության արդյունքների, շատ ավելի հարուստ է վիտամիններով և սննդարար, քան ՀՀ քաղաքացիների զգալի մասի հանապազօրյա հացը:

Օլիգարշանք – (գ.) Սա բոլոր այն սովորական մահկանացուների գարշանքն է օլիգարխների նկատմամբ, որոնք ավելի հավասար են, քան մարդիկ:

Օլիգարշելի – (ած.) Տես` օլիգարշանք

Օլիգյախք – (վերաբերական) «Յախք» բառի տարբերակ: Օլիգարխների նկատմամբ օլիգարշանքի արտահայտման եղանակ:

Օլիգյորմամիշ – (գ.) Զարգացած երկրների քաղաքացիները, ովքեր կյանքում օլիգարխ տեսած չկան:

Օլիգարխային – (ած.) Արխայնության բարձրագույն աստիճանը, քանի դեռ ներկա իշխանությունները պետության ղեկին են:

Օլիգարխայիկ – (ած.) Ժողովրդավարական դարձած ապագա Հայաստանում կերտվելիք հասկացություն է, որը բնութագրելու է Հայաստանի պատմության այն անցած-գնացած ժամանակահատվածը, երբ Հայաստանում բնակվում էին անձեռնմխելի հումանոիդներ` օլիգառլախներ:

Bookmark the permalink.

17 Responses to ՕԼԻԳԱՌԼԱԽ

Leave a Reply

Your email address will not be published.