ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ UCLA-ՈՒՄ

Royce Hall, UCLA

Royce Hall, UCLA (courtesy www.ucla.edu)

Մի քանի օր առաջ Անահիտ Քեշիշյանի հրավերով UCLA-ում ներկա էի հայ ժամանակակից պոեզիային նվիրված իր դասին: Նախատեսված էին ուսանողների նախընտրած` հայ ժամանակակից պոեզիայի «վերջին ճիչերի» ընթերցումներ ու քննարկումներ:

Որպես մերօրյա հայ պոեզիայի հարուստ շտեմարան ուսանողության համար ծառայել էին «Ինքնագիր»-ն ու «Գրանիշ»-ը: Մինչ ուսանողները հերթով նշում էին, թե որ ժամանակակից բանաստեղծներին էին քաղել դասարանում կիսվելու համար, թաքուն վայելում էի իմ վաղեմի մտահոգությունների փարատումը. համալսարանական լսարանում հայ ժամանակակից պոեզիան վերջապես վերագտնում էր իր վաղուց կորսված իմաստն ու նշանակում ոչ այլ ինչ, քան հայ ժամանակակից պոեզիա:

Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Անահիտ Հայրապետյան, Տաթև Չախչախյան, Ծովինար Չիլինգարյան, Նանոր Պետրոսյան, Անահիտ Վարդանյան… Մինչ լսարանում արտասանվում էին այս և մի քանի այլ անուններ (ոմանք` կրկնակի, անգամ` եռակի), ես պատկերացնում էի այդ բանաստեղծներից յուրաքանչյուրի ժպիտն ու ավելացնում իմն իրենցին:

Իհարկե, սա առաջին անգամը չէր, երբ տաք-տաք, նոր փռից հանած հայ ժամանակակից գրականությունը ներխուժում է լսարան, սակայն արժանահիշատակը տվյալ դեպքում ուսանողության ակնհայտ ոգևորությունն էր: Չնայած նրան, որ չեն ընդգրկում հայ ժամանակակից պոեզիայի ողջ գունային գամման, ուսանողների նախասիրությունները, այդուհանդերձ, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել ընթերցողական նախասիրությունների մասին:

Հետաքրքրասերների համար շտապեմ փորփրել տպավորություններս: Կարծեմ երեք ուսանողուհու նախասիրությանն արժանացած Տաթև Չախչախյանից ընթերցվեց տատու հետ նրա զրույցը, որն ինձ շատ ավելի հետաքրքիր ու զվարճալի թվաց այս անգամ, քան երբ ինքս էի կարդացել այնուառաջ: Աշխարհին ձեռնոց նետողներն ու թաքուն հաղթողներն այս անգամ ինձ համար ամենևին տափակ չհնչեցին, ինչպես առաջին անգամ` սեփական ուժերով ընթերցելիս: Տաթևից մեկ այլ բանաստեղծություն (սիրելը որպես սնահավատություն, սև կատուներ) ընթերցելուց հետո մեկ այլ ուսանող շեշտեց նրա համեմատաբար փոքր տարիքի ու ստեղծագործության հասունության հազվադեպ համատեղելիությունը: Ես որ 20 տարեկանից առաջ գրածս գրեթե յուրաքանչյուր տողի վրա 21 տարեկանից ի վեր խաչ եմ քաշել:

Շուկայի ապրանքներից ավելի շատ ու եվրոպական «սեքոնդ-հենդ» քռչ ու փալասից ավելի էժան սեփական արտադրության ցավերի, ինքն իրեն ասելիք չունենալու, փրթված հեռախոսալարերի ու ՕԳԳ-ների մասին Ծովինար Չիլինգարյանի «Լարից ընկած» բանաստեղծությունն ինձ շատ հուզեց` ոտիս բութ մատից, մինչև ճաղատոցող գանգիս աղվամազերը: Երբեք հավես չէի արել այդ բանաստեղծությունը երկու տողից ավել կարդալ: Այս անգամ ինձ լսեցրին, ու ես շատ շնորհակալ էի դրա համար:

Կային, իհարկե, նաև անակնկալներ: Ուսանողուհիներից մեկի նախասիրած հայ ժամանակակից հեղինակներից էր… Ջեյմս Ռասելը: Այն բանից հետո, երբ դասախոսն ի վերջո համոզեց, որ իր ընտրած Ջեյմս Ռասելը ոչ թե հայ ժամանակակից բանաստեղծ է, այլ հայ գրականություն ուսումնասիրող Հարվարդում դասախոս, ուսանողուհին անցավ իր մյուս նախընտրած հեղինակի բանաստեղծության ընթերցմանը: Նախ տվեց հեղինակի անունը` Ալան Սեմիրջյան, ապա սկսեց. «Բոլոր մարդիկ բացի պոետներից աննորմալ են…» Եվ այդ պահին դասարանում մի քանի հոգու չզսպված քրքիջը խլացրեց տողերի շարունակությունը: Նա սխալմամբ Ալանին էր վերագրել իմ հեղինակած տողերը:

Ոչ ավել, ոչ պակաս 60 հուսախաբ վայրկյաններ (չէ մի չէ` դար) տևող րոպեների, ծեծված գրավիտացիայից բացի ոչ մի այլ արժանահիշատակ նպատակներով ծառերից չընկնող խնձորների ու չուգունե վաննաներում չոռնացած, փորը մնացած էվրիկաների մասին բանաստեղծությունը զբարճացրեց բոլորիս անխտիր: Կարճ, դիպուկ ու զվարճալի շշել էր Անահիտ Վարդանյանը: Նրա «մեզ խաբել են, չգիտենք» բանաստեղծությունը մարդու ամենատարածված տեսակի` մարդկության պատմության մեջ անկյունաքարային հայտնագործություն չարածի մասին էր, նրա կյանքի արժեքի մասին: Շոշափվածն, ըստ իս, միանգամայն լուրջ թեմա է, որի զվարճալի մատուցումը ուրվագծում էր սովորական մարդ արարածի կյանքի տրագիկոմիզմը: Լիքը ծիծաղեցինք:

Քիչ անց ծիծաղից թրթռացած մեր թոքերն ու կողերը ենթարկվեցին հերթական փորձության, երբ ընթերցվեց Նանոր Պետրոսյանի «Սամսունգ» սոտըվի ունենալու երազանքն ունենալու երազանքի մասին իր բոցաստեղծությունը: Բանաստեղծի ու սպառողական հասարակության անտագոնիզմը ցայտունս ու զվարթունս արտահայտված է այստեղ:

Հաջորդ բանաստեղծության մեջ, սակայն, այդ անտագոնիզմին իսկույն հետևեց նույն այդ սպառողների ու բանաստեղծների սիմբիոզի արդյունքում առաջացած երկուստեք բաղձալի երազանքը. «Սերժ Սարգսյանը հրաժարական ա տվել»: Մարինե Պետրոսյանն էր, ում քաղաքականացված այս բանաստեղծությունը հնչեց երգչուհի ուսանողուհու շուրթերից: Թեև ինձ շատ ավելի հոգեհարազատ ու սիրելի են նրա «ապաքաղաքական» բանաստեղծությունները, այս մեկը ևս վատը չէր գոնե իբրև հիշեցում, որ կա դեռ գրեթե բոլոր բազմազաններիս միավորող գոնե մեկ ընդհանուր երազանք:

Շարունակությունն` այստեղ…

Tagged , , , , , , , . Bookmark the permalink.

One Response to ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ UCLA-ՈՒՄ

  1. Pingback: ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԵՐԸ UCLA-ՈՒՄ — 2 « ԳՐՈՂԿՈՆԾԻ / WRITE OR WRONG

Leave a Reply

Your email address will not be published.