Թվային հայերենին վերաբերող ծրագրերի գերակշիռ մեծամասնությունը նախատեսված է Windows-ի համար: Սակայն այդ ահռելի տարբերությունը սկսում է քիչ-քիչ նվազել:
Macintosh-ն, իհարկե, ունի ստանդարտ հայերեն ստեղնաշար, բայց դրանով սահուն և արագ հայերեն տեքստ հավաքելու համար, մատներին հարկավոր է մանկուց գիմնաստիկայի տալ: Տառերի 1/3-ը հնարավոր է ստանալ որոշ ստեղների համադրության արդյունքում միայն, քանի որ Macintosh-ը չի ցանկացել թվերը և այլ ստեղներ փոխարինել հայկական տառերով:
Ինտերնետը երկար բզբզելուց հետո վերջապես գտնվեց խնդրի լուծումը: «Ukelele» ծրագրի հիման վրա պատրաստել եմ մի ստեղնաշար, որը բավարարում է Windows-ի հայագիր օգտատերերի գերակշիռ մեծամասնության ստեղնաշարային նախասիրությունները` հնչյունային շարվածք (phonetic layout).
Դեռ ավելին` ստեղծել եմ նաև մի շարք հարմարություններ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն նաև այլ օգտատերերի համար.
ա) Փակագծերը կարելի է դնել առանց լեզուն փոխելու: Սովորություն դարձրեք հետևյալ կոմբինացիան` ⇧⌥8 և 9 (shift+option+8 և 9);
բ) Թվերը կարելի է գրել առանց լեզուն փոխելու: Սովորություն դարձրեք հետևյալ կոմբինացիան` ⌥1, 2, 3 և այլն (option+1, 2, 3 և այլն);
գ) «Ռ» տառը 8 թիվն է, իսկ «Ր» տառը, համապատասխանաբար, «R» տառը: Ցավոք հակառակ դասավորությունն է ամենատարածվածը: Շատերի պես, ինքս էլ սովոր էի այդ անհարմար դասավորությանը, որն անտրամաբանական է` հաշվի առնելով, որ «Ռ» տառն ավելի հազվադեպ է հանդիպում, քան «Ր»-ն: Համաձայնեք, ինչքան քիչ մատները լոճվեն դեպի թվերը, այնքան ավելի քիչ կհոգնեն երկար տեքստեր հավաքելիս: Այդ քարացած սովորությունը ջարդելը մեկ շաբաթ էլ չտևեց:
ԹԱՐՄԱՑՈՒՄ (մայիսի 12, 20013)` այժմ արդեն պատրաստ է նաև հայերենի գրամեքենայական շարվածքը (Armenian typewriter keyboard layout): Ի դեպ` դոլարի նշանը ստեղնաշարում (4) փոխարինել եմ հայկական դրամի նշանով:
Թեև աշխատել եմ արագ ու անհոգ դարձնել Մէքի ստեղնաշարի հայերենացումը, այնուամենայնիվ ցանկության դեպքում այս հիանալի ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել ցանկացած ստեղնային փոփոխություն: Բոլոր դեպքերում ստեղնաշարը տեղարդելու համար հարկավոր է անել հետևյալ հեշտից-հեշտ քայլերը.
1. Ներբեռնել և տեղադրել Ukelele_2.1.8.dmg (ունիվերսալ երկուական (universal binary), Mac OS X 10.4 և ավելի ուշ թողարկումների համար): Այստեղ կարող եք ստուգել` կա՞ արդյոք այդ ծրագրի ավելի թարմ թողարկում:
2. Հայերենի հնչյունային շարվածքի համար ներբեռնել ArmenianMAC խտապանակը, իսկ գրամեքենայական շարվածքի համար` ArmenianTypewriterMac խտապանակը:
3. Հնչյունային շարվածքի պանակում գտնվող երկու ֆայլերը` ArmenianNewQWERTY.icns և ArmenianNewQWERTY.keylayout (Գրամեքենայականի դեպքում` ArmenianTypewriter.icns ArmenianTypewriter.keylayout) պարզապես տեղադրել Macintosh > Library > Keyboard Layouts պանակում;
4. Որպեսզի համակարգիչը գիտակցի Ձեր կատարած ներմուծումը խորհուրդ է տրվում կա՛մ դուրս գրվել ու կրկին մուտք գործել (log in/out) կա՛մ վերագործակել համակարգիչը (restart);
5. Գնալ Systems Preferences > Language & Text, ապա սեղմել Input Sources tab-ն ու հնչյունային շարվածքը գտնելու համար փնտրել հետևյալ անվամբ նորեկին` Armenian-New QWERTY (գրամեքենայական շարվածքի դեպքում որոնել ArmenianTypewriter)
6. Ծտել (ծիտիկ/галочка դնել) Armenian-New QWERTY հնչյունային և/կամ ArmenianTypewriter` գրամեքենայական շարվածք(ներ)ը ակտիվացնելու համար;
7. Մի լեզվից մյուսն անցնել ⌘բացակ (space) կոճակների համադրությամբ: