Գաղտնաբառս հրապարակել, թե՞ ոչ

Վերջերս ինձ կրկին հիշեցրեցին կորած-մոլորած, այդպես էլ անավարտ մնացած ու չհրատարակված «Password» պայմանական վերագրով վեպիս մասին: Բացառությամբ մեկ անդամի` ժյուրիի մնացած անդամների միաձայն որոշմամբ այն արժանացավ «Երիտասարդ արվեստագետ»-ի մրցանակին 2004 թ., երբ ավելի քան համոզված էի, որ ավարտել եմ: Բայց այդպես էլ սովորական ընթերցողը չհասկացավ, թե ինչն արժանացավ մրցանակի: Արժանի՞ էր արդյոք: Նաև ասեկոսեների առիթ տվեց գլխավորապես գրողների շրջանում: Continue reading

Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացրած Կիպրոսը պատվում է Թալաթին

Թալաթ փաշայի գերեզմանը Ստամբուլի Ազատության նահատակների այգում (© Hbasak)

Թալաթ փաշայի գերեզմանը Ստամբուլի Ազատության նահատակների այգում (© Hbasak, Wikipedia)

Զարմանալի չէ, որ Ստամբուլում կա Ազատության նահատակների այգի (Hürriyet Şehitleri Abidesi), որտեղ հանգչում են Օսմանյան կայսրության եռապետության երկու առաջնորդներ Թալաթ փաշան ու Էնվեր փաշան`Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից (մանրամասներն` այստեղ): Ի վերջո թուրքական կառավարությունը ոչ միայն ժխտում է Ցեղասպանությունը, այլև հերոսացնում դրա կազմակերպիչներին: Continue reading

Waiting for the Sunrise / Արևածագին սպասելիս

«Արևածագին սպասելիս»` երգող ցախասարյակի (Cyphorhinus arada) և մարդու (Կարեն Ղարսլյան) զուգերգ: Կոմպոզիտոր` երգող ցախասարյակ (վերբեռնել է Tomás .Tello-ն), իմպրովիզատոր` էլեկտրական կիթառով մարդ: Ցախասարյակների այս տեսակը հանդիպում է գրեթե բացառապես Ամազոնիայի անձրևային անտառներում, որոնց մարդիկ հետզհետե վերացնում են:

“Waiting for the Sunrise” is a duet of a Musician Wren (Cyphorhinus arada) & a Human (Karen Karslyan). Composed by Musician Wren (uploaded by Tomás .Tello) and improvised by a human with an electric guitar. This species of wrens inhabits almost exclusively the Amazon rainforests, which the humans are gradually destroying.

An Evening with Aram Saroyan


[Հայերեն թարգմանությունը` ստորև]

Poet, novelist, biographer, memoirist and playwright, Aram Saroyan, read from his Complete Minimal Poems (Ugly Duckling Presse) at Alias Books in Los Angeles, CA, on May 25, 2014. The reading was followed by a discussion and book signing. Ginger Buswell and Moneta Goldsmith, founders of the monthly litmag/reading series, When in Drought, also read.

Unfortunately, my camera ran out of space near the end of the evening, and some of the questions and answers were not recorded. Which minimal poem was the first? Who was the first reader and what was the first reaction? These were my questions that were not recorded. Aram Saroyan said the first minimalist poem was ‘eyeye‘; the first reader was poet Ted Berrigan; the first reaction was: “What the fuck is this?” In an interview to Dirt, a minimalist journal, Aram Saroyan fills in the details:

A lot of my better known concrete poems, like ‘eyeye’, were written very early on. Ted Berrigan, who was about ten years older than I was and a sort of mentor, saw that poem one night among a sheaf of papers I had with me at Le Metro Coffee House, where we used to read our poetry on Wednesday nights—it was right around the corner from St. Mark’s Church, where the Poetry Project started up a year or two later… Ted saw that poem and said in this slow, wry drawl that he had: ‘What the fuck is this?’ and laughed quietly. That was a promising response, I thought.

Complete Minimal Poems by Aram Saroyan (© Ugly Duckling Presse)

Complete Minimal Poems by Aram Saroyan (© Ugly Duckling Presse)

You can get the second edition of Aram Saroyan’s Complete Minimalist Poems at http://shop.uglyducklingpresse.org/products/

UPDATE: Moneta Goldsmith has provided links to two videos that contain parts of the discussion missing in my video: 1. https://www.youtube.com/watch?v=5YyIfRg2_t8, 2. https://www.youtube.com/watch?v=p4H205zne2E

[IN ARMENIAN]

Բանաստեղծ, վիպասան, հուշագիր և թատերգու Արամ Սարոյանն իր «Մինիմալիստական բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ից (Ugly Duckling Presse) որոշ գործեր ընթերցեց Լոս Անջելեսի «Ալիաս» գրախանութում մայիսի 25-ին, 2014 թ.: Ընթերցանությանը հաջորդեցին քննարկում և գրքերի ստորագրում: Իրենց ստեղծագործություններն ընթերցեցին նաև «When in Drought» գրական հանդեսի հիմնադիրներ Ջինջեր Բասուելն ու Մոնետա Գոլդսմիթը:

Դժբախտաբար տեսախցիկի հիշողությունը սպառվեց երեկոյի ավարտին մոտ, և որոշ հարցեր ու պատասխաններ չտեսագրվեցին: Ո՞րն էր առաջին մինիմալիստական բանաստեղծությունը: Ո՞վ էր առաջին ընթերցողը և ո՞րն էր առաջին արձագանքը: Սրանք էին չտեսագրված իմ հարցերը: Արամ Սարոյանն ասաց, որ «eyeye»-ն էր իր առաջին մինիմալիստական բանաստեղծությունը, առաջին ընթերցողը բանաստեղծ Թեդ Բերիգանն էր, իսկ առաջին արձագանքն էր. «What the fuck is this?» (ինչը հայերեն կարելի է թարգմանել մոտավորապես. «Վայ մաման գմփա, էդ ի՞նչ էր» կամ` «Վայ մորս արև, էդ ի՞նչ էր», այլընտրանքային թարգմանություններ կարող եք առաջարկել մեկնաբանություններում): «Dirt» մինիմալիստական հանդեսին տված իր հարցազրույցում Արամ Սարոյանը լրացնում է մանրամասները.

Ինչպես «eyeye»-ը, իմ առավել հայտնի կոնկրետ բանաստեղծություններից շատերը վաղ շրջանում էին գրվել: Թեդ Բերիգանը, ով ինձնից տասը տարով մեծ էր և ում, այսպես ասած, իմ ուսուցիչն էի համարում, մի երեկոյան տեսավ այդ մի բանաստեղծությունը Le Metro Coffee House բերածս թղթերի տրցակի մեջ: Ամեն չորեքշաբթի երեկոյան մեր բանաստեղծություններն էինք ընթերցում այդտեղ` Սբ. Մարկոս եկեղեցու հարևանությամբ, որտեղ «Poetry Project»-ը սկիզբ առավ մեկ թե երկու տարի անց… Թեդը տեսավ բանաստեղծությունն ու դանդաղ, ծաղրական տոնով, լոճված ձայնավորներով ասաց` «Վայ, մաման գմփա, Է՞ս ինչ էր» ու թեթևակի խնդաց: «Խոստումնալից պատասխան էր»,- մտածեցի ես:

Արամ Սարոյանի «Complete Minimal Poems» գիրքը կարող եք ձեռք բերել այստեղ` http://shop.uglyducklingpresse.org/products/298

ԹԱՐՄԱՑՈՒՄ` Մոնետա Գոլդսմիթը տրամադրել է երկու տեսանյութի հղում, որտեղ քննարկումից կան իմ տեսանյութում բացակայող հատվածներ.
1. https://www.youtube.com/watch?v=5YyIfRg2_t8, 2. https://www.youtube.com/watch?v=p4H205zne2E

Նիրվանան` Ռոք-ն-Ռոլի և իմ պատանեկության Փառքի սրահում

Nirvana - Kurt Cobain, Krist Novoselic, Dave Grohl (Courtesy www.today.com)

Nirvana / Նիրվանա – Քուրթ Քոբեյն, Քրիսթ Նովոսելիք, Դեյվ Գրոլ (courtesy www.today.com)

Երբ Երևանի Երկրորդ զանգվածի շուկայի բացօթյա հատվածում գրիչի միջուկ էի վաճառում 1994 թ. ամպամած մի օր, ամաչում էի առանց այդ էլ հազվադեպ գնորդներից, բայց աներերությունս ապահովում էր այն մեկ որոշումը, թե ինչ երազանք էի իրականացնելու այդ օրվա հասույթով: Դա կյանքումս վաստակած առաջին գումարն էր, որով հենց հաջորդ օրը գնեցի Nirvana-յի «In Utero» («Արգանդի մեջ») ալբոմը «Հրազդան» մազրադաշտի տոնավաճառում:

Քսերոքս արած սև ու սպիտակ շապիկով այս կասետն այն ժամանակ ոչ միայն թանկ, այլև դեֆիցիտ հաճույք էր: Այն ժամանակ քչերն ունեին բնօրինակից միայն մեկ-երկու կրկնակով հեռացած կասետներ, էլ չեմ ասում Continue reading

Հեղափոխության մահը

Համբերության կուժը (© Պատկերը` Ռոբերտ Սահակյանց / կոլաժը` Կարեն Ղարսլյան)

Համբերության կուժը (© Պատկերը` Ռոբերտ Սահակյանց / կոլաժը` Կարեն Ղարսլյան)

(Պամֆլետի հղումը «Հետք»–ում)
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Բայց աղբյուրը չորացած է լինում, աղբրի գլխին էլ՝ լիքը մարդ, ձեռքները` բռունցք, ձայններն` աղաղակ, համբերության կժները` լի։

Ասում են, թե աղբրի ջուրը չորացել է երկրի նախագահի բարեկամներից մեկի նոր ՀԷԿ-ի կառուցման պատճառով:

— ՀԷԿտի՜ր,— գոռում է ժողովուրդը օլիգարխի ծառաների վրա:

— Շունը հաչա, քարավանը քոչա,—քմծիծաղում են նրանք ու շարունակում շինարարությունը։

Էս ժխորը որ տեսնում է մեծ աղջիկը՝ իրեն-իրեն միտք է անում.

— Հիմի որ ես միանամ էս մարդկանց, հանրահավաք անենք ու Հեղափոխություն սկսենք. Հեղափոխությունը բարձրանա Բաղրամյանով ու վեր ընկնի, ասֆալտովը դիպչի մեռնի…

— Վա՛յ, Հեղափոխություն ջան, վա՜յ…

Continue reading

Ա.Խաչատրյանի «Վարդագույն աղջիկներ»-ն էլեկտրական կիթառով

Առաջին անգամ համացանցում` «Վարդագույն աղջիկների պարը»` Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի սյուիտը, էլեկտրական կիթառով: Նվագում է Կարեն Ղարսլյանը` սեփական երաժշտական չնոտագրված ձևավորմամբ: Օգտագործված են կադրեր այդ պարի` Հայաստանի ազգային բալետի բեմադրությունից: Պարի տեսագրության աղբյուրը arayvaz YouTube ալիքն է: Continue reading

Մարկ Նշանեան. Պոլիսեն Վենետիկ Լորտ Պայրընի օրերուն

Մարկ Նշանյանի «Պոլիսից Վենետիկ Լորդ Բայրոնի օրերին» դասախոսությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանում Մերձավորարևելյան լեզուների և մշակույթների բաժանմունքի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի հովանավորությամբ 2013 թ. փետրվարի 25-ին: Դասախոսությանը հարցուպատասխան է հետևում:

Բրյուս Լիի պոեզիան

Բրյուս Լի

Բրյուս Լի

Մետրը 0.08 վայրկյան ֆենոմենալ արագությամբ իր հակառակորդներին հասցրած հուժկու հարվածների արանքում Բրյուս Լին հասցրել է նաեւ բանաստեղծություններ գրել: Միանգամայն գեղեցիկ:

Որքան անողոք ու կտրուկ հարվածներն էին նրա մարտաֆիլմերում, այնքան գթառատ ու մեղմ են տողերը նրա բանաստեղծություններում: Վայելեք մարտարվեստի լեգենդար ներկայացուցիչ Բրյուս Լիի երեք բանաստեղծություն` իմ թարգմանությամբ:

Continue reading

Բախի կոնցերտ № 5 կլավեսինի համար էլեկտրական կիթառով

Յոհան Սեբաստիան Բախի կոնցերտ № 5 կլավեսինի համար, Ֆա մինոր, երկրորդ գործողություն, BWV 1056, էլեկտրական կիթառով` Կարեն Ղարսլյանի կատարմամբ:

———————————————–
J.S. Bach’s Harpsichord Concerto No. 5 in F Minor, 2nd Movement, BWV 1056, on electric guitar played by Karen Karslyan.

Continue reading

Ծառ

Երբ ավելի քան կես տարի առաջ սկսեցին կտրել Հոլիվուդում գտնվող իմ սիրած ծառը ես սառնասրտորեն կարողացա նկարահանել հատման միայն սկզբնական շրջանը: Ի տարբերություն Հայաստանյան իրավիճակների, երբ քաղաքի որևէ հատվածում որոշ արտոնյալներ կամայաբար ծառեր են հատում, ապա այստեղ ամեն ինչ օրինական հիմքերով էր` քաղաքապետարանի օրինական թույլտվությամբ: Մեզ` այդ ծառը սիրող բնակիչներիս, մնում էր միայն հրաժեշտ տալ նրան, թեև այն որևէ կերպ չէր խանգարում հետևում ընթացող շինարարական աշխատանքներին` բացի տեսարանը մասամբ փակելուց: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` այդ ծառը կտրելու հայցով Լոս Անջելեսի քաղաքապետարան դիմողը ազգությամբ հայ մի բիզնեսմեն է, ով կառուցապատում է տվյալ ծառի հետևում ընկած տարածքը:
Continue reading

Ֆիլմից հետո թեկուզ ջրհեղեղ

Հայաստանի ազգային պատկերասրահ (© Եվգենի Գենկին)

Հայաստանի ազգային պատկերասրահ (© Եվգենի Գենկին)

Մինչ աղքատանում է ՀՀ բնակչությունը, վերջինիցս հետ չի մնում նաև Հայաստանի ազգային պատկերասրահը: Տևական ժամանակ է, ինչ թանգարանի պահոցից անհետանում են արվեստի արժեքավոր նմուշներ: Իսկ այդ անկանգ հանցանքին արձագանքում է ոչ թե դատախազությունը, այլ «Հետք»-ը տարիներ շարունակ:

Ազգային պատկերասրահի վերաբերյալ «Հետք»-ի վերջին հոդվածում` «Անհետացած քանդակներ, ոչնչացած նկարներ՝ Ազգային պատկերասրահում. քրեական գործեր չեն հարուցվում», ուշադրությունս գրավեց հետաքրքիր մի մանրամասն. Continue reading

Իմ զենքը պապիկիս անդամահատված ոտքն է

Ֆաշիստ (© Poster House, posterhouse.org)

Ֆաշիստ (© Poster House, posterhouse.org)

Թաղի տղերքով կռիվ-կռիվ խաղալու մեր բոլոր փորձերը Խորհրդային Հայաստանի 80-ականներին դատապարտված էին ձախողման: Մեր դեռահաս ուղեղներում կռիվ-կռիվը Հայրենական պատերազմն էր, որը խաղալու համար պիտի բաժանվեինք երկու թիմի, իսկ թիմերից մեկը պիտի ֆաշիստ խաղար: Սակայն բոլորը մի մարդու պես հրաժարվում էին:

Մի անգամ հենց բանը հասավ երկու հակառակորդ թիմ կազմելուն, մեր երեխայական կռիվ-կռիվը խաղից վերածվեց իրականության: Իրար անպտուղ համոզելուց, լեզվակռվից անցանք դաժան դնգստոցի: Սակայն այդպես էլ ոչ ոք չհամաձայնվեց մարմնավորել այդ ֆաշիստ կոչեցյալին:

Նրանք բոլորը ներքուստ տենչում էին գոնե խաղի պատրվակով լուծել Երկրորդ համաշխարհայինից վերադարձած իրենց կիսատ պապիկների վրեժը. մեկն` առանց ոտք, մյուսն` առանց ձեռք, մեկը` միականջ, մյուսը` միաչ, մեկ այլը` խելագարված: Continue reading

Հայաստան-2050` անթոռ տարեցների ծերանոց

Վերջերս ծանոթներիցս մեկն իր ամերիկյան համալսարանում տնային առաջադրանք էր ստացել վերլուծել աշխարհի որևէ երկրի բնակչության աճի ցուցանիշներին վերաբերող տվյալները 2012. 2025 և 2050 թթ. դրությամբ: Խնդրի առարկա տվյալները պետք է հայթայթել ԱՄՆ մարդահամարին նվիրված կայքում` census.gov: Ինձ իսկույն հետաքրքրեց Հայաստանի ապագա պատկերի կանխատեսումը` ըստ Ամերիկյան տվյալների: Ստորև ներկայացնում եմ առանձին տվյալների չոր վերլուծություն:

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2012)

ՀՀ բնակչության աճի ցուցանիշները (2012)

Continue reading

Անմիջական միջաՄտում. Վիոլետ Գրիգորյանի զրույցը Մարկ Նշանյանի հետ

Մարտի 15, 2009,
PRM.am

Վիոլետ– Ուտոպիանայի ձեր դասախոսություններում և մեր զրույցի նախորդ մասում դուք խոսեցիք բանասիրության երկու գյուտերի` առասպելի և բնիկի մասին: Ներկայացրիք, թե ինչպես 18-րդ դարի վերջինառասպելը իր արդիական տարողությամբ երևան եկավ մի խումբ բանասերների շնորհիվ։

Եվ որպես դրա հայկական արձագանքներից մեկը հիշատակեցիք Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի առաջաբանը, աղետյալ հոր և համր որդու զույգ կերպարները` որպես ազգային գաղափարի և ազգային երևակայության ծննդյան վկայական։ Այսինքն` թե առասպելի, թե աղետյալ ու մունջ բնիկի գյուտը բանասիրության գործն է: Դասախոսության ընթացքում գործածում էիք նաև «հնարք» կամ «հնարանք» բառերը։

Մարկ- Պարզապես ֆրանսերեն և անգլերեն invention բառն է, որ կպտտեր մտքիս մեջ, և որուն համար կփորձեի համազոր բառ մը գտնել հայերենով։ Մարսել Դետիեն անունով ֆրանսացի շատ ծանոթ հունաբան մը գեղեցիկ ու կարևոր գիրք մը ունի` «L’invention de la mythologieե վերնագիրով։ Դո՛ւք ըսեք, թե ինչպես պետք է թարգմանել։ Առասպելաբանության գյո՞ւտը, ստեղծո՞ւմը, հնարա՞նքը, բացահայտո՞ւմը, հայտնաբերո՞ւմը։ Նույնպես Անդրե ֆոն Հենտի անունով ամերիկացի պրոֆեսոր մը «The Modern Construction of Myth» անունով գիրք մը ունի, որուն մեջ երկրորդ գլուխը, ամբողջությամբ Գերմանիո ռոմանթիքներու (վիպապաշտներու) առաջին սերունդին նվիրված, կկոչվի «The invention of myth»։ Ինչպե՞ս թարգմանել։ Իրենք` վիպապաշտները կհայտնաբերեի՞ն արդյոք «առասպելըե որպես առարկա, թե կստեղծեի՞ն զայն որպես գաղափար ու գործառնություն։ Ամեն պարագայի` կկառուցեին «առասպելիե իմաստը մեզի համար։ Այդ էր դասախոսություններուս երկրորդ կեսին նպատակը. ցույց տալ, որ «առասպելի» արդիական կառուցում մը կա, որ իր կարգին` կրնա առասպել նկատվիլ, բայց անշուշտ տարբեր իմաստով մը։ Այդ արդիական կառուցումն է, որ հասած է մինչև Դանիել Վարուժանի և Հակոբ Օշականիժամանակաշրջանը ու ստիպած է, որ իրենք պայքարին անոր հետ ու անոր դեմ, ընկալեն զայն, ու իրենց աշխարհն ալ, իրենց փորձառությունն ալ ընկալեն անոր ընդմեջեն։ Ստիպած է, որ «արվեստ» կոչվածը մտածեն ու գործադրեն «առասպելինե և «առասպելաբանական կրոնքինե հետ կապակցությամբ։ Եվ քանի որ այդ կառուցումը բանասիրական էր, բանասիրության գործն իսկ էր, իրենք կախյալ էին բանասիրութենեն, նույնիսկ երբ ոգի ի բռին` կհակադրվեին բանասիրության։

 

«Գիտությունների թագուհին» և քաղաքականությունը

Վիոլետ– Իսկ այս ամբողջի մեջ ի՞նչ տեղ ունի քաղաքականը։ Ի վերջո` «քաղաքականություն» բառը կար ձեր դասախոսությունների ընդհանուր վերնագրի մեջ` «Առասպել, արվեստ, քաղաքականություն»։

Մարկ- Բայց ամեն տեղ է «քաղաքականությունը», ամեն անկյունի մեջ ծվարած է։ Քանի մը օրինակներ պիտի տամ պատասխանելու համար ձեր հարցումին։ Նախ և առաջ` բանասիրությունը որպես արդիական երևույթ, որպես թագուհի գիտություն (այդպես կհռչակեր ինքզինք 19-րդ դարուն` Էռնեստ Ռընանի բերնով), ծայրեծայր քաղաքական է։ Քաղաքական է, որովհետև «բնիկի» հավաքական կերպարը ստեղծած է, և այդ կերպարն է, որ 19-րդ դարու ազգայնականություններուն հիմքն է, բանասիրականի և ազգայնականի մեղսակցության զսպանակն է։ Քաղաքական է, որովհետև բանասիրությունը հումանիզմի գիտությունն է, հումանիզմին կողմե հռչակված «այլին» գիտությունը (և անշուշտ «ինքնագիտությունե որպես «այլագիտություն»), այսինքն` «այլին» վրա իշխելու լավագույն ձևը։ Իսկ այդ լավագույն ձևը անուն մը ունի։ Կկոչվի «գաղութատիրություն»։

Ա՛յդ է գաղութատիրությունը, ուրիշ ոչի՛նչ։ Գիտությամբ իշխելու գիտությունն է։ Եվ ասկե անդին` քաղաքական է ուրիշ պատճառներով ալ։ Քաղաքական է, որովհետև «առասպելիե արդի գաղափարը ստեղծած է, այսինքն ներհայտ կերպով` «առասպելակերտումիե կարողության գաղափարը, որ, ինչպես գիտեք թերևս, հատուկ էր «արիականե ցեղին, ուրեմն որմե զրկված էին ըստ էության «սեմականե ցեղին պատկանողները։ Սեմականի և արիականի այդ գլխապտույտ պատճառող զատորոշումին մասին չխոսեցա դասախոսություններուս ընթացքին, բայց այդպե՛ս է, «արևելաբանասիրության» հանճարեղ արդյունքներեն մեկն է։ Այդ զատորոշումին համաձայն է, որ 1914-ին,«Մեհյան» հանդեսի էջերեն ներս, Կոստան Զարյան կրնար արտասանել իր հակասեմական այլանդակ (բայց այդ մտածողության համաձայն` այնքա՜ն տրամաբանական) խոսքերը։ Բանասիրության ցեղային մտածողությունը կվերածվեր այդտեղ ուղղակի ցեղապաշտ աշխարհայացքի մը։ Դուք ըսեք հիմա ինձի, այս բոլորը քաղաքական չե՞ն։

Իսկ երբ նույն հանդեսին մեջ Օշական, ազգակերտումի գործողությունը իրագործելու համար, կսպասեր նոր տեսակի արվեստագետներու, արդյոք քաղաքական չէ՞ր արվեստի իր ըմբռնումը, ըմբռնում մը, որ ի դեպ` յուրահատուկ չէր իր անձին, այլ ամբողջ սերունդին հատկանիշն էր, քանի որ 19-րդ դարու մտածողական ավանդության գագաթնակետն էր ան։

Այդ ամբողջին սկզբնական դրդումը կգտնվի նորեն վիպապաշտներուն մոտ։ Իրե՛նք էին, որոնք պետք ունեին «առասպելակերտումի», որպեսզի մարդուն հավաքական ինքնակերտումը կարենային վստահիլ արվեստին ու արվեստագետին։ 20-րդ դարու նացիները հոյակապ կերպով գիտցան քաղել այդ ամբողջին դասը։ Մարդ կերտեցին իրենց հասկցած ձևովը, նոր առասպել ստեղծեցին, ազգին ու մարդկության արվեստագետները ուզեցին ըլլալ։ Նացիական քաղաքականության խորագույն հատկանիշն է այդ մեկը` քաղաքականության գեղարվեստականացումը։ Այդ բնորոշումը տվողը Վալտեր Բենիամինն էր 30-ական թթ.։ Ո՞վ կհասկնար զինքը այն ատեն։ Ինքը այդ գեղարվեստականացումին կուզեր հակադրել արվեստի քաղաքականացումը` որպես ընդդիմության և դիմադրության միջոց։ Չեմ գիտեր` ճիշտ պատասխա՞նն էր, թե ո՛չ։ Ամեն պարագայի` մեր պարտականությունն է այսօր այդ ամբողջը վերստին ձեռք առնել, վերստին մտածել, մտածումի այդ ամբողջ շենքը քակել, մեկ բառով` ապակառուցել։

 

Ապակառուցումը` հակառակորդի բեմից, հակաթույնը` թույնից

Վիոլետ- Ուրեմն, վերջին դասախոսության ընթացքում, երբ Կաֆկայի մասին խոսեցիք, նորից նույն «ապակառուցմանե ծրագրի շարունակությո՞ւնն էր։

Մարկ- Անշուշտ։ Կաֆկայի ամենավերջին պատմվածքներեն մեկուն ընթերցումով (1923-ի «Ժոզեֆին երգչուհինե) ուզեցի ցույց տալ, թե ինչպե՛ս Կաֆկա խնդրո առարկա կդարձներ «արվեստ», «առասպել» և «քաղականություն» իրարու առնչող և այդ առնչումին ընդմեջեն` մեր արդիականությունը հառաջուց որոշող մտածողությունը։ Կարծեմ` մեր հարցազրույցին սահմաններեն դուրս կիյնա բացատրելը, թե ի՛նչ ձևով կկատարվի այդ «խնդրո առարկա դարձնելը»։ Ըսեմ միայն, որ հեղինակը այստեղ տրամախոսություն մը կկազմակերպե վիպապաշտներուն հետ, ու այդ ընելու համար ստիպված է վերադառնալու այն բեմին վրա, ուր առասպել և արվեստ կփոխանակեն իրենց արժեքները։

Ստիպված է լուրջի առնելու այդ սկզբնական փոխանակումը, հավասարումը, շրջագայությունը արվեստի և առասպելի միջև։ Վտանգավոր արարք մըն է, ինչպես ամեն ապակառուցող արարք, որովհետև ստիպված է հակառակորդի բեմին վրա փոխադրելու ամբողջ գործողությունը, որպեսզի բացվին այդ բեմին հորիզոնները։ Այս մասին կուզեի խոսիլ ավելի մանրամասնորեն տարբեր առիթով։ Ժամանակաշրջանը, որուն մեջ կապրինք, ինքը մեզի կուտա մեր քննադատական ռազմամթերքը իրեն դեմ պայքարելու համար։ Ատկե խուսափում չկա։ Բանաձևումով մը, որ քանի մը անգամ կրկնեցի վերջին պահերուն ընթացքին` հակաթույնը կգտնվի թույնին մեջ։

 

Ո՞վ է «մետրոպոլիտյան ինտելեկտուալը»

Վիոլետ- Ուրեմն, կսպասենք այդ «տարբեր առիթինե և Կաֆկային նվիրված ձեր վերլուծության հրատարակությանը։ Իսկ հիմա ուզում եմ հարցնել «մետրոպոլիտյան ինտելեկտուալիե մասին. թեմա, որ բանավեճի ձևով դրսևորվեց ձեր դասախոսության ընթացքում և ձեր կողմից հուզումնալից հայտարարության առիթ տվեց։ Ո՞վ է այդ «մետրոպոլիտյան ինտելեկտուալ» ասվածը և ինչո՞վ է վիճահարույց։

Մարկ- Էդուարդ Սայիդի առաջին և ամենեն սուր քննադատներեն մեկը հանդիսացավ Այճազ Ահմադ անունով հնդիկ մտավորական մը, երկար հոդվածով մը, որ այսօր մատչելի է իր «In Theory» գրքին մեջ (Orientalism and After: Ambivalence and Metropolitan Location in the Work of Edward Said, In Theory, 1992)։ Սայիդին դեմ ուղղված ամենեն խորունկ քննադատություններեն մեկն է։ Առաջինն է, ի միջի այլոց, որ գիտցած է անմիջապես տեսնել «Օրիենտալիզմ» գիրքին երկդիմությունը` հումանիստ և հակահումանիստ կեցվածքներուն միջև։ Այդ մասին խոսեցա արդեն։

Մեզ հետաքրքրողը հոս ուրիշ տեսակի քննադատություն մըն է, այն մեկը, որ կըսե, թե Սայիդ կխոսի metropolitan մտավորականի իր դիրքեն։ Բառը չուզեցի աճապարանքով թարգմանել, որովհետև հատուկ նշանակություն մը ունի։ Նույնիսկ այսօր, երբ Հնդկաստանը անկախ երկիր է, հին` բրիտանական գաղութատիրության հետքերը չեն վերացված անշուշտ, և Նյու Յորքեն կամ Լոնդոնեն խոսողն ու պատգամներ արձակողը կշարունակե գրավել, Ահմադի նման հնդիկ մտավորականի մը աչքին, գաղութատիրական դիսկուրսի դիրքերը` որքան ալ ազնիվ ու հակագաղութատիրական ըլլան իր նպատակները։

Ահմադ ինքը ուրդու լեզվով գրող մըն է, ու իր կեցվածքը այն է, որ գաղութատիրական հետքերուն վերացումը կրնա կատարվիլ միմիայն«ներսենե, գաղութատերի լեզվեն ձերբազատվելով։ Նյու Յորքեն խոսիլը և անգլերենով արտահայտվիլը այսօր ամեն պարագայի` նոր գաղութատիրության մը նշաններն են, և այդ իմաստով` Էդուարդ Սայիդի «Օրիենտալիզմը» խոցելի է իր հիմնական երկդիմության պատճառով։ Ահմադ նաև մարքսական մտածող մըն է, որ «Օրիենտալիզմի» մոտեցումին մեջ կտեսներ գաղութատիրության երևույթին նկատմամբ որոշ ապաքաղաքականացում մը։

Վիոլետ- Ուրեմն հարցն այն էր, թե Սփյուռքից ժամանող հայախոս մտավորականը կարո՞ղ է արդյոք համարվել «մետրոպոլիտյան ինտելեկտուալ», քանի որ երկար տարիներ ապրել է Նյու Յորքում ու դասավանդել նույն Քոլումբիա համալսարանում, ուր պաշտոնավարում էր Էդուարդ Սայիդը` ենթադրաբար նաև վերջինիս հետ անձնական կապեր էլ ունենալով։ Ա՞յդ էր վիճահարույցը։

Մարկ- Եթե լավ հասկցա, այո, ա՛յդ էր։

 

«Խուլ» Հայաստանը և «մունջ» Սփյուռքը

Վիոլետ- Ձեր արձագանքը հետաքրքիր էր, որովհետև մի նոր երանգ էր հնչեցնում, մի տեսակ սփյուռքյան դիրքորոշում, որ այլապես պիտի լսելի չլիներ կամ գոնե այդքան հստակ կերպով չբացահայտվեր։ Եվ քանի որ մեր խոսակցության սկզբում «իգականե և «սփյուռքյան»դիրքորոշումների կառուցային համանմանության մասին խոսեցիք, արդյոք կարելի՞ է ձեր այդ հակազդեցությունը արձանագրել հայաստանցի մեր ընթերցողների համար։

Մարկ- Այդտեղ ամեն պարագայի շփոթություն մը կար, զոր գտա արտակարգ կերպով վիրավորական։ Ստիպվեցա պատասխան մը բանաձևել` դրժելով անձնական վերագրումներու չպատասխանելու խոստումս։ Պատասխանը ուներ մոտավորապես հետևյալ հանգամանքը։

Սփյուռքը, որքան որ գիտեմ (բայց կրնամ սխալիլ), մետրոպոլ մը չէ, ինչպես Նյու Յորքը հնդկական աշխարհին մետրոպոլը կրնա թերևս նկատվիլ։ Սփյուռքը ձեր` Հայաստանի հայերուդ հակերեսն է, այդ հակերեսը զոր չեք տեսներ։ Կապրիք կտրված ձեր կեսեն։ Ժամանակը եկած է ամբողջանալու։ Ժամանակը եկած է հանդիպման։ Անգիտանալով հայախոս Սփյուռքը, որպես մտքի աղբյուր, իր մտային ավանդությամբ, իր մեծ գրողներով, իր օտարության փորձընկալումով, դուք ձեզ է, որ կանգիտանաք։ Կանգիտանաք ձեր ամբողջությունը։

Իրականությունը այն է, որ պատրաստ եք գրկաբաց ընդունելու բուն metropolitan մտավորականները, անոնք, որոնք իրենց հայությունը կհռչակեն օտար շրջանակներե ներս` առանց դույզն իսկ գաղափար ունենալու հայ մտային իրականության մասին, կթարգմանեք զիրենք հայերենի, կցուցադրեք ձեր գրախանութներուն մեջ։ Բայց ո՞ւր են Սփյուռքի մեծ գրողներն ու մտածողները, անոնք որոնք քաջ գիտեին հայ իրականությունը, որոնք կխոսեին նաև ձեզի, հուսահատ խոսակցությամբ մը, երբ կգրեին իրենց գործերը։ Ութսուն տարի է` Սփյուռքեն ո՛չ մեկ գիրք չէ մտած Հայաստանի սահմաններեն ներս։ Այսօր Սփյուռքի գրականություն կդասավանդվի համալսարանը, այո՛։ Բայց Նիկողոս Սարաֆյանի մը, Հակոբ Օշականի մը, Զարեհ Որբունիի մը, Վահե Օշականի մը, այսինքն` Սփյուռքի իսկական և ո՛չ թե գավառական մտավորականներուն մարդկային փորձառությունը, գրողի ապշեցուցիչ վաստակը, գեղագիտական ու մտածողական վերիվայրումները երբևիցե հասա՞ծ են ձեր ուղեղներուն։ Եթե առաջին դեմքով պետք է խոսիլ անպայման, ես անոնց համեստ աշակերտն եմ, իրենց ժառանգորդն եմ, իրենց հետմահու ներկայացուցիչն եմ։ Կուզեմ հանդիպեցնել զանոնք ձեզի, այսինքն` հանդիպեցնել ձեզ ձեզի հետ, ձեր այն մասին հետ, որ ձեր հակերեսն է»: Հապավված ձևով` այս էր հակազդեցությունս։ Անշուշտ «դուք»-ը, զոր կգործածեմ հոս, ներկաներուն չէր ուղղվեր, այլ իրենցմե անդին կանցներ։ Եթե պահելու ըլլամ մեր խոսակցության սկիզբի ստորոգությունը, կհասներ «հայրենականին»։

 

Ժամանակակից հայ գրականությունը` հոգեվերլուծության «պատգարակին»

Վիոլետ– Ձեր ունկնդիրները ուսանողներ էին, գրողներ, ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ: Վերջին տարիներին մի տեսակ գրոհ ձևավորվեց ձեր բառով` «հայրենական» սահմանների ներսում, գրականության զարտուղի նկատված դեմքերի դեմ։ Նույն տեսակի հարձակում կարծես թե չկա ժամանակակից արվեստի ներկայացուցիչների դեմ։ Ինչպե՞ս կբացատրեք այս երևույթը։ Արդյոք կերպարվեստը, ժամանակակից արվեստը ավելի ազատական դիտորդնե՞ր ունի։

Մարկ- Դժվար հարցում։ Հոս` Երևան գտնված օրերուս կարդացի 2004-ին «Գարունի» մեջ (թիվ 9) լույս տեսած հոդված մը, «Գրականություն և հիվանդություն. Նարցիսական դարաշրջան» վերնագրով։ Չափազանց հետաքրքրական հոդված մը, որ կցուցաբերեր լայն ծանոթություն մը հոգեվերլուծական նորագույն տեսաբանութենեն ու հմտաբար կմեջբերեր Դելյոզի և Գատարիի մտորումները գրականության և հիվանդության վերաբերյալ։ Հասնելու համար սակայն ի՞նչ բանի։ Պարսավի և իբր թե ախտաճանաչումի։ Պարսավը և «ախտաճանաչումը» ուղղված էին այսօրվան Հայաստանի ամենեն տպավորիչ գրողներեն մեկուն` Կարեն Ղարսլյանին։ Մեկ հատիկ մեջբերում մը բավական է, որպեսզի ընթերցողը հասկնա, թե ի՛նչ շեշտ որդեգրված էր հեղինակին կողմե Ղարսլյանի գրականության անդրադարձող այդ «քննադատականե խոսքին մեջ. «Ազգայնամոլի և Կարեն Ղարսլյանի միջև տարբերությունը ձևական է. դա կոլեկտիվիստական հիվանդագին նարցիսիզմի և անհատապաշտական նարցիսիզմի տարբերությունն է։ Կամ մի՞թե գրողների մեջ քիչ կարելի է գտնել նարցիսների։ Կարեն Ղարսլյանը տարբերվում է միայն պաթոլոգիայի աստիճանով»։

Ուրեմն` այսպե՛ս։ Եթե ախտաբանական գրականություն մըն է, ուրեմն պետք է ախտաճանաչել և… ուղղել։ Հոգեվերլուծական տեսաբանության վրա հիմնված գրական քննադատություն մը մշակված է ատենոք ֆրանսական աշխարհեն ներս մասնավորաբար։ Չեմ խոսիր Ֆրոյդի աշակերտներուն մասին, որոնք շատ կսիրեին իրենց տեսությունները կիրառել հռչակավոր գրողներուն վրա։

Այդպիսի քննադատություն մը կուզեր գործին ընդմեջեն գրողին հասնիլ, երևան բերել անոր գաղտնիքները։ Գրական գործը այդ ձևով բացատրված կնկատվեր։ Այդ տիպի գրաքննադատության մը հիմնավոր սկզբունքներուն խոր անբավարարությունը շատոնց ցույց տրվեցավ մասնագիտական գրականության մեջ։ Կկարծեինք, որ վերջացած հարց մըն էր։ Բայց այսօր տեսե՛ք, որ Հայաստանի մեջ վերստին գլուխ կցցե, գիտական անառարկելի (և եթե կթույլատրեք, պիտի ավելցնեի` անամոթ) ոճով մը։

 

Գրականության ազատագրո՞ւմ, թե՞ ախտորոշում

Վիոլետ– Պարզվում է` ոչ միայն հռչակավոր, այլև հայ երիտասարդ ու անհայտ գրողին էլ է հնարավոր ազատել հոգեվերլուծողի պացիենտ լինելու ճակատագրից, եթե ձեր նման ինտելեկտուալներ ունենանք: Օրինակ, Ադոռնոն, խոսելով Բոդլերին էդիպյան կոմպլեքսով տառապելու մեջ մեղադրող Լաֆարգի մասին, նույնիսկ անհեթեթ է համարում հարց տալ` արդյոք առողջ լինելու դեպքում Բոդլերը կկարողանա՞ր գրել«Չարի ծաղիկները», կամ նյարդայնությունը արդյոք վա՞տ է ազդել գործերի որակի վրա: Ադոռնոն ասում է, որ գեղարվեստական գործերը հոգեվերլուծության համար արթմնի երազներ են, դրանք շփոթվում են փաստաթղթերի հետ: Նա քննադատում է ստեղծագործությունը այն ծնող պատճառների չգիտակցված հեռարձակում համարելու հոգեվերլուծական տեսության միտումը: Եվ մանկամտություն է համարում արվեստում ամեն ինչ անգիտակցականի հետ կապելը, քանի որ «գեղարվեստական գործն ստեղծելու ընթացքում բնազդային մղումները ազդակ են` մյուս շատ ուղեկցող հանգամանքների հետ մեկտեղ»:

Մարկ- Բայց ատկե անդի՛ն անցնող բան մըն է հոս տեղի ունեցածը։ Գրաքննադատություն չէ իրականության մեջ։ Գործի մը վերլուծումը չէ։ Լռության մատնելու փորձ մըն է։ Նորմատիվ դիսկուրս մըն է։ Որովհետև ի՞նչ կնշանակե հիվանդության մասին խոսիլ գրողի մը պարագային, ի՞նչ կնշանակե ախտաճանաչելու արարքը, եթե ո՛չ ուղղելու միտում մը։ Հոգեվերլուծական ստորոգություններով` գրական կյանքը (և կյանքը ընդհանրապես) նորմավորելու, նորմատիվացնելու ձգտում մը։ Դելյոզի մեջբերումներն ալ հոս եթե բան մը կմատնեն, խորունկ շփոթության մը նշաններն են, ուրիշ ոչի՛նչ։ Ժիլ Դելյոզ ֆրանսացի ա՛յն փիլիսոփան էր, որ ամբողջ կյանքին ընթացքին պայքարած է ճիշտ ու ճիշտ հոգեվերլուծական տեսություններուն վրա հիմնված այդ նորմատիվական ձգտումներուն դեմ` գրականության (և հիվանդության) ազատագրումին ի խնդիր։ Եվ հիմա հայաստանյան մամուլին մեջ իր անունը կգործածվի նորմատիվական ախտաճանաչումնե՞ր կատարելու համար։ Հո՛ս է անամոթությունը։

Ժամանակակից արվեստը իր ավանդությունն ունի, որ չի հպատակիր հոգեվերլուծական ստորոգություններուն։ Ազատագրումի պատմություն մըն է` գրողներու և արվեստագետներու անխուսափելի պաթոլոգիաներեն անկախ։ Գրականության մարզին մեջ լեզուն իր ծայրագույն սահմաններուն հասցնելու փորձն է էականը։

Վերոհիշյալ հոդվածին հեղինակը կըսե, թե Ղարսլյանի գրականությունը ավանգարդ չէ։ Շատ լավ։ Ուրեմն ինձի թող բացատրվի, թե ի՛նչ է ավանգարդը։

Իսկ ձեր հարցումին պատասխանելու համար, կարծեմ` կերպարվեստի պարագային նորմատիվացնելու ձգտումները նույն ձևով չեն գործեր պարզապես։ Չի նշանակեր, որ չկան։ Հաստատութենական ուժեր են այդտեղ, որ կպայքարին մեկը մյուսին դեմ։ Խնդրո առարկան լեզուն չէ,«տեսանելին» է, որպես այդ։ Իսկ տեսանելին շատ դյուրությամբ կարելի է անտեսանելի դարձնել կամ պարզապես անտեսել, կարելի է գետոյացնել իրեն հատուկ հաստատություններու մեջ։ Բայց ժամանակակից արվեստը բավական հասուն է այսօր, որպեսզի կարենա տեսանելիին սահմանները պեղելու իր աշխատանքը տանիլ չեմ ըսեր անվրդով, բայց գոնե` անկաշկանդ։ Հոգեվերլուծական նորմատիվացումի փորձերը չեն հասնիր մինչև հոն։ Մխիթարանք մըն է, առնվազն։ Այս իմաստով` գրականությունը և կերպարվեստը դասեր ունին քաղելիք մեկը մյուսեն։

Այս է նաև, կենթադրեմ, պատճառը, որ Երևան հրավիրված էի «Ուտոպիանայիե նման կազմակերպության մը կողմէ, որուն առաջնահերթությունը կերպարվեստն է, տեսանելիին դաշտն է։ Դաշնակիցներ ենք։ Կաշխատինք մտքի, լեզվի և տեսանելիի ազատության ի խնդիր, բոլոր նորմատիվացումներուն դեմ։ Եվ կկարծեմ` երկար ճամփա մը ունինք կտրելիք միասին։

Աղբյուրը` Անմիջական միջաՄտում

Կիսատ մնացած բաներ

Բոլոր սերերը քիմիա են
Հազարից մեկը քիմիական զենք

Խոսող ձեռնափայտերը
Մահացու կոխկրտել են սեփական լեզուները
Խոսող դասագրքերը
Կախվել են սեփական ձայնալարերից

Անել գրեթե անհնարինը
Անհետանալ անգամ ամենուրեքյան համացանցից
Դառնալ վիրտուալ ինքնասպանությունների չեմպիոն
Քայլել նոր լվացված փողոցներում
Նոյի ագռավի պես հին ու ծեծված
Կորուսյալ սիրո պատմության
Ոռնոցն աչքերում
Վախվորած հուսահատ
Անդամահատված մանկությամբ
Ու պատանեկությամբ

Նրան արհամարհում են
Նրան տեղ են տալիս իբրև հաշմանդամի
Նրանից խորշում են
Նրանից բացատրություններ են կորզում
Պահանջելով
Պատասխանել այնքան գեղեցիկ
Որ ձևակերպման գեղեցկությունն ամոքի
Դառը բովանդակության հարվածը

Հազարից մեկ
Այն ինչ չի սպանում
Դարձնում է մահին կարոտ
Կիսատ մնացած բաները երբեք չեն վերջանում

Հակագազով պաշտպանված գլուխները
Կարուսելի ձիերի պես
Գոհունակությամբ վերուվար են անում
Լսելով հավաստիացումներ որ
Մեռնելն արդեն համար առաջին երազանք
Լինելու դիրքերը զիջել է

Հակագազերից մեկի մեջ մռթմռթված
Անլսելի հարցը
Ինչի՞ն
Մնում է անպատասխան