(Պամֆլետի հղումը «Հետք»–ում)
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Բայց աղբյուրը չորացած է լինում, աղբրի գլխին էլ՝ լիքը մարդ, ձեռքները` բռունցք, ձայններն` աղաղակ, համբերության կժները` լի։
Ասում են, թե աղբրի ջուրը չորացել է երկրի նախագահի բարեկամներից մեկի նոր ՀԷԿ-ի կառուցման պատճառով:
— ՀԷԿտի՜ր,— գոռում է ժողովուրդը օլիգարխի ծառաների վրա:
— Շունը հաչա, քարավանը քոչա,—քմծիծաղում են նրանք ու շարունակում շինարարությունը։
Էս ժխորը որ տեսնում է մեծ աղջիկը՝ իրեն-իրեն միտք է անում.
— Հիմի որ ես միանամ էս մարդկանց, հանրահավաք անենք ու Հեղափոխություն սկսենք. Հեղափոխությունը բարձրանա Բաղրամյանով ու վեր ընկնի, ասֆալտովը դիպչի մեռնի…
— Վա՛յ, Հեղափոխություն ջան, վա՜յ…
Տեղն ու տեղը չորացած աղբրի հունի մեջ նստում է՝ սկսում է սուգ անել.
Գընացի հանրահավաքի,
Սկսեցինք շարժում,
Դըրոշը` կարմիր, կապույտ, ծիրանագույն
Անունը` Հեղափոխություն.
Վեր ելավ Բաղրամյանով,
Ցած ընկավ ասֆալտին…
Վա՜յ Հեղափոխություն ջան,
Վա՜յ Իշխանափոխություն ջան…
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։
Միջնեկ աղջիկն է գնում։
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։
— Արի՛, արի՛, հեղափոխականի անբախտ քույր, տես մեր Հեղափոխությունն ինչ եղավ։
— Ի՞նչ Հեղափոխություն։
— Բա չես ասիլ՝
Գընացի հանրահավաքի,
Սկսեցինք շարժում,
Դըրոշը` կարմիր, կապույտ, ծիրանագույն
Անունը` Հեղափոխություն.
Վեր ելավ Բաղրամյանով,
Ցած ընկավ ասֆալտին…
Վա՜յ Հեղափոխություն ջան,
Վա՜յ Իշխանափոխություն ջան…
— Վա՜յ Հեղափոխություն ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին` օլիգարխի ՀԷԿ-ի պատճառով չորացած աղբրի հունի մեջ ու սկսում են միասին սուգ անել։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։
Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։
— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։
Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝
Գընացի հանրահավաքի,
Սկսեցինք շարժում,
Դըրոշը` կարմիր, կապույտ, ծիրանագույն
Անունը` Հեղափոխություն.
Վեր ելավ Բաղրամյանով,
Ցած ընկավ ասֆալտին…
Վա՜յ Հեղափոխություն ջան,
Վա՜յ Իշխանափոխություն ջան…
— Վա՜յ քու հեղափոխականի քրոջը, Հեղափոխություն ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.
— Արի , արի՛, հեղափոխականի անբախտ մեր, տե՛ս Հեղափոխությանս գլուխն ինչ է եկել։
— Ի՞նչ Հեղափոխություն, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝
Գընացի հանրահավաքի,
Սկսեցինք շարժում,
Դըրոշը` կարմիր, կապույտ, ծիրանագույն
Անունը` Հեղափոխություն.
Վեր ելավ Բաղրամյանով,
Ցած ընկավ ասֆալտին…
Վա՜յ Հեղափոխություն ջան,
Վա՜յ Իշխանափոխություն ջան…
— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Հեղափոխություն ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։
Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։
Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։
Վեր է կենում գնում։
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
— Արի, արի՛, անբախտ հեր, արի տես քու Հեղափոխության գլուխն ի՞նչ է եկել… վա՜յ քու Հեղափոխությանը…
— Ի՞նչ Հեղափոխություն, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝
Գընացի հանրահավաքի,
Սկսեցինք շարժում,
Դըրոշը` կարմիր, կապույտ, ծիրանագույն
Անունը` Հեղափոխություն.
Վեր ելավ Բաղրամյանով,
Ցած ընկավ ասֆալտին…
Վա՜յ Հեղափոխություն ջան,
Վա՜յ Իշխանափոխություն ջան…
— Վա՜յ, Հեղափոխություն ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։
Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.
— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Հեղափոխությունն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Հեղափոխության քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանի մի եզն է լինում, ու վերջին նախագահական ընտրության ժամանակ գործող նախագահին ընտրելու համար ստացած կաշառքից մնացած մի քթոց ալյուր։
Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Հեղափոխության քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։
Հ.Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով: Հեքիաթի թվայնացված տեքստի աղբյուրը` ArmenianHouse.org