Կիսատ մնացած բաներ

Բոլոր սերերը քիմիա են
Հազարից մեկը քիմիական զենք

Խոսող ձեռնափայտերը
Մահացու կոխկրտել են սեփական լեզուները
Խոսող դասագրքերը
Կախվել են սեփական ձայնալարերից

Անել գրեթե անհնարինը
Անհետանալ անգամ ամենուրեքյան համացանցից
Դառնալ վիրտուալ ինքնասպանությունների չեմպիոն
Քայլել նոր լվացված փողոցներում
Նոյի ագռավի պես հին ու ծեծված
Կորուսյալ սիրո պատմության
Ոռնոցն աչքերում
Վախվորած հուսահատ
Անդամահատված մանկությամբ
Ու պատանեկությամբ

Նրան արհամարհում են
Նրան տեղ են տալիս իբրև հաշմանդամի
Նրանից խորշում են
Նրանից բացատրություններ են կորզում
Պահանջելով
Պատասխանել այնքան գեղեցիկ
Որ ձևակերպման գեղեցկությունն ամոքի
Դառը բովանդակության հարվածը

Հազարից մեկ
Այն ինչ չի սպանում
Դարձնում է մահին կարոտ
Կիսատ մնացած բաները երբեք չեն վերջանում

Հակագազով պաշտպանված գլուխները
Կարուսելի ձիերի պես
Գոհունակությամբ վերուվար են անում
Լսելով հավաստիացումներ որ
Մեռնելն արդեն համար առաջին երազանք
Լինելու դիրքերը զիջել է

Հակագազերից մեկի մեջ մռթմռթված
Անլսելի հարցը
Ինչի՞ն
Մնում է անպատասխան

About Կարեն Ղարսլյան

Կարեն Ղասլյան — գրող, գրականագետ, երաժիշտ, նկարիչ, բլոգեր: «X կադր/վայրկյան» (2003) և «Գրողի ծոցը» (2010) գրքերի հեղինակ: Վերջինս վաճառվում է երևանյան «Արթբրիջ», «Նոյան Տապան», «The Club», «Բուրժուա» և գլենդելյան «Abril» գրախանութներում: Կայքը` www.karenkarslyan.com Առավել մանրամասն տեղեկությունների համար, այցելեք www.karenkarslyan.com
Bookmark the permalink.