Երբ Երևանի Երկրորդ զանգվածի շուկայի բացօթյա հատվածում գրիչի միջուկ էի վաճառում 1994 թ. ամպամած մի օր, ամաչում էի առանց այդ էլ հազվադեպ գնորդներից, բայց աներերությունս ապահովում էր այն մեկ որոշումը, թե ինչ երազանք էի իրականացնելու այդ օրվա հասույթով: Դա կյանքումս վաստակած առաջին գումարն էր, որով հենց հաջորդ օրը գնեցի Nirvana-յի «In Utero» («Արգանդի մեջ») ալբոմը «Հրազդան» մազրադաշտի տոնավաճառում:
Քսերոքս արած սև ու սպիտակ շապիկով այս կասետն այն ժամանակ ոչ միայն թանկ, այլև դեֆիցիտ հաճույք էր: Այն ժամանակ քչերն ունեին բնօրինակից միայն մեկ-երկու կրկնակով հեռացած կասետներ, էլ չեմ ասում հենց բնօրինակ: Մեծամասնությունը վայելում էր բնօրինկից 9-10 պորտ հեռացած հալումաշ կրկնակներ, որտեղ անորակության աղմուկը դժվար էր զանազանել գրանժի բուն աղմուկից: Բթացած էին բարձր հաճախականություն ունեցող գրեթե բոլոր հնչյունները, իսպառ բացակայում էին հարվածայիններից «crash» և «hat» ցիմբալների հնչյունները: Այդպիսի ձայնագրությամբ էինք առաջին անգամ ընկերներով լսել Nirvana մթության մեջ (որը պակաս վտանգավոր է` ինչպես պնդում էր Քոբեյնն իր «Smells Like Teen Spirit»-ում) ու անհույս դյութվել: Ինչ-որ խորհրդավորություն ու բացառիկ մտերմություն հաստատելու հայտ կար այդ աղմուկի մեջ, որն ի սպառ ջնջել էր երգերի որոշ հատկանիշներ ու թև տվել մեր երևակայությանը, որ լցնի այդ բացերը` մեր սրտի ուզածով: Դրանք վերաձայնագրություն անվանելը չափազանցություն է, դրանք մեր օրերի ակամա ռեմիքսներն էին: Այդպիսի ակամա ռեմիքս էր իմ ունեցած կասետներից մեկը, որտեղ Nirvana-յի «Nevermind» ալբոմի արդեն իսկ աղմկոտ երգերի տակ դեռ թույլ հնչում էին այդ ժապավենի նախորդ վարձակալ Շոպենի դաշնամուրային վալսերի ելևէջները: Իմ “In Utero”-ն շուտով դարձավ բազմազավակ մայր, ով մի քանի օրում այցելեց երևանյան մի քանի տասնյակ բնակարան ու շուտով կորցրեց իր արգանդից դուրս եկած ձագերի, թոռների, ծոռների, կոռների ու վերջիններիս ձագերի, թոռների, ծոռների ու կոռների հաշիվը:
Երբ ռուսաստանյան «Вести» հաղորդման ժամանակ լսեցի, որ ինքնասպան է եղել մեներգիչ Քուրթ Քոբեյնը, փակվեցի սենյակումս ու նրա պատկերով մեծ պաստառի տակ, հատակին կուչ եկած` այնքան զռացի, որ մինչ այդ օրը մահացած բոլոր ազգականներս նախանձից տրաքեցին իրենց դագաղներում, քանի որ նրանց բոլորի թաղումները միասին վերցրած այդքան արցունք ինձնից չէին կորզել: Բայց ի՞նչ էին արցունքներս` համեմատած իմ այլ ծանոթների արարքների հետ: Երբ հաջորդ օրը գնացի Կարապի լիճ` 90-ականներին ռոքերների ու փանքերի հիմնական հավաքատեղին, սգով այլ ռոքերների հետ կիսվելու, ինձ ապշեցրին բազմաթիվ պատանեկան էշությունների մասին պատմություններով: Այսօր հիշում եմ միայն այն, որ մի փանք դարդից երակներն էր փրթել, բայց հրաշքով ողջ էր մնացել:
Էլեկտրականության կարճաժամկետ մատակարարումները պատուհաս էին դարձել ծնողներիս համար, քանի որ բնակարանի բոլոր ծակերն իսկույն լցվում էին Քոբեյնի խռպոտ աղաղակներով, նրա կիթառի զեղծված հնչյուններով ու իմ ուրախության թռիչքներից գոյացող դղրդյուններով: Խեղճ ծնողներս հանգիստ չունեին նաև հովհարային անջատումների ժամանակ, որոնց ընթացքում այդ նույն երգերը փորձում էի վերարտադրել դասական կիթառովս ու դաժանորեն կրկնել ու կրկնելու ու կրկրկրկնել` կատարողական վարպետությունս հունցելու նպատակով: Չնայած այս ամենին` իմ աղքատ ընտանիքի մնացած անդամների համար գրանժի ենթամշակույթով իմ ինքնամոռաց տարվածությունը նաև թաքուն մխիթարանքի աղբյուր էր: Չէ՞ որ այդ տարօրինակ գրանժի շնորհիվ ես վաղուց արդեն հրաժարվել էի ծնողներիս` ինձ համար նոր շորեր գնելու անհաղթահարելի հայտեր ներկայացնելուց: Հագնում էի գրանժին հարիր ճղճղված, քրքրված, լոճված, լաքապատ ու հաճախ հագիցս մի քանի համար մեծ շորեր: Մի խոսքով` իմ պահարանը դարձել էր հորս` ցեցի կերած շորերի աղբարկղը: Սակայն չեմ կարող չնշել, որ ի վերջո ռոքից մի քանի լուսային տարի հեռու մայրս էլ սկսեց սիրել Քոբեյնի տառապյալ կերպարը: Հատկապես նրա ինքնասպանությունից հետո:
Իմ կյանքում շատ առաջիններ են կապված այս լեգենդար խմբի հետ: 1995 թ. ապրիլի 12-ին (լավ եմ հիշում, որովհետև Գագարինի պատմական թռիչքի տարեդարձն էր) մեր գրանժային Fidget (հետագայում` art rock ուղղվածությամբ Lege Artis) ռոք խմբի առաջին ու վերջին համերգի ժամանակ մեր ստեղծագործություններից զատ կատարեցինք նաև Nirvana-յի «About a Girl» («Մի աղջկա մասին») երգը «Bleach» («Ժավել») ալբոմից, որի միջի կիթառի պարզունակ սոլոն կյանքումս առաջին սովորած ու հանդիսատեսի առաջ նվագած սոլոն էր: Այն ժամանակվա կարճակյաց «Maximum» երիտասարդական ռուսալեզու թերթում մեր մասին գրեցին` նոր խոստումնալից ռոք խումբ, որի երաժշտությունը տեղ-տեղ ատամնացավի պես ծանոթ «Նիրվանա»-յին է հիշեցնում: Չգիտեինք ուրախանայինք, թե տխրեինք: Բայց տխրության բաժինն էլ հօդս ցնդեց մի քանի օր անց, երբ մի շատ գեղեցիկ աղջիկ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտակայքում` «Կիև» գաստրոնոմի դիմաց, ինձ խնդրեց ինքնագիր թողնել ողջ հոդվածի երկայնքով: Դա տասնհինգամյա վաղեմության կյանքումս թողած ամենաառաջին ինքնագիրն էր: Այսօր սրտանց շնորհավորում եմ իմ պատանեկության հավատարիմ ընկեր «Նիրվանա»-յին Ռոք-ն-Ռոլլի Փառքի սրահում (Rock n’ Roll Hall of Fame) ընդգրկվելու կապակցությամբ: