Վերջերս ինձ կրկին հիշեցրեցին կորած-մոլորած, այդպես էլ անավարտ մնացած ու չհրատարակված «Password» պայմանական վերագրով վեպիս մասին: Բացառությամբ մեկ անդամի` ժյուրիի մնացած անդամների միաձայն որոշմամբ այն արժանացավ «Երիտասարդ արվեստագետ»-ի մրցանակին 2004 թ., երբ ավելի քան համոզված էի, որ ավարտել եմ: Բայց այդպես էլ սովորական ընթերցողը չհասկացավ, թե ինչն արժանացավ մրցանակի: Արժանի՞ էր արդյոք: Նաև ասեկոսեների առիթ տվեց գլխավորապես գրողների շրջանում: Իսկ ծանոթությունը գրքի հետ հա ուշանում էր. բոլորից թաքուն իմ անիծյալ կատարելապաշտությունն էր կրկին գլուխ բարձրացրել ու ինձ ստիպել կատարելագործել, կատարելագործել ու կատարելագործել: Կարծես` «Գաղտնաբառ» վեպս շփոթել էի սեփական գաղտնաբառիս հետ, որը բոլորից թաքուն պիտի պահվեր:
Որոշ պատառիկներ այստեղ-այնտեղ հրատարակվեցին` «Բնագիր»-ում, ապա «Գրական թերթում»: Մրցանակաբաշխությունից անմիջապես հետո Ջալոյանը մի ծավալուն 11-էջանոց հոդված գրեց, որտեղ ապացուցում էր, որ երկը բանի պետք չէ, հիվանդություն է տարածում, իսկ ես` անհույս նարցիս («Գրականություն և հիվանդություն. նարցիսական դարաշրջան», Վարդան Ջալոյան, «Password» մրցանակակիր վեպի հոգեվարլուծական ուսումնասիրություն, «Գարուն» #9 (452), 2004): Ապա Մարկ Նշանյանը սուր քննադատության ենթարկեց Ջալոյանի հոգեվերլուծությունը Վիոլետ Գրիգորյանին տված հարցազրույցի ընթացքում` «Անմիջական միջամտում» (2009): Սակայն վեպն այդպես էլ ավարտին չհասցվեց: Մի քանի ամիս անց` «Շաբաթվա մութ կողմը» բանաստեղծական ժողովածուի հրատարակումից հետո, պատրաստվում եմ վերսկսել աշխատանքները երկի վրա, ինչի արդյունքում այն կարող է տրամագծորեն փոփոխվել և անգամ տրոհվել:
Մինչ այդ որոշել եմ որոշ հում պատառիկներ հրապարակել առցանց ցաքուցրիվ ու առանց հստակ պարբերականության, երկի շուրջ գոյացած անտեղի խորհրդավորությունն ու անորոշությունը ցրելու համար: Սկզբի համար ներկայացնում եմ հոգեբուժարանից մի շատ փոքրիկ հատված` ստորև: